«Արի պոնչո էնեմ». «Գյումրիկը» ժպիտներ է պարգևում

Մարդուկները տարբեր են թե՛ բնավորությամբ, թե՛ արտաքինով. միայն մեկ ընդհանուր բան ունեն՝ բարի են ու բոլորին ժպիտ են պարգևում։
Sputnik

Արսեն Վարդանյանը, որ ավելի շատ հայտնի է որպես Շիրակի Բազե, Արցախ կամավոր էր մեկնել, վերադառնալուց հետո որոշել էր՝ պատերազմի ցավը մոռանալու համար պետք է աշխատել, մի բան ստեղծել, որ Գյումրի եկած հյուրը ցանկանա քաղաքից մի պատառ իր հետ տանել:

«Արի պոնչո էնեմ». «Գյումրիկը» ժպիտներ է պարգևում

Ընկերների հետ ստեղծած հոլին՝ «Գյումրվա ֆռիկին», «Տեյմորտակին» արդեն այլընտրանք կա՝ «Գյումրիկը»: Գաղափարն Արցախից է իր հետ բերել ու խնդրել Սյուզաննա Իգիթյանին փայտե կտորներով մարդուկին կենդանություն տալ, բայց այնպես, որ «մարդկանց սրտով լինի»:

Պատերազմի ու ստացած վերքերի մասին խոսել չի սիրում, ասում է. «Վերքերը կլավանան, բայց սրտի ցավն ավելի դժվար է բուժվում: Պատերազմից հետո ինձ ապրեցնողը հենց «Գյումրիկն» է»,- ծիծաղում է Արսենը: «Մարդիկ հիմա նոր իմաստի ու նոր սկզբի կարիքն ունեն, պետք կրկին սովորենք ոտքի կանգնել»,-ասում է Արսենը:

«Արի պոնչո էնեմ». «Գյումրիկը» ժպիտներ է պարգևում

Զենքը փոխարինելով փայտամշակման գործիքներով, սկսել է փայտե մարդուկներ պատրաստել, որոնց կենդանություն է տալիս Սյուզաննայի վրձինը: «Ամեն անգամ, դեմքը նկարելուց առաջ, մտածում եմ՝ այնպես անել, որ մարդիկ ասեն՝ վա՜խ, ինչ լավն է… կուզեմ իմը լինի: Ինչպես Գյումրին, այնպես էլ «Գյումրիկին» չսիրել չի լինի»,-ասում է Սյուզաննան՝ ավելացնելով, որ ամենաերկարը «մտածելու ժամանակ» հենց առաջին մարդուկը տվեց, դրանից հետո ամեն մարդուկ ասես ինքն է պարտադրում իր բնավորությունը, իսկ «խոսելու» համար երբեմն օգնության են հասնում նաև նրանք, ովքեր պատրաստ են այդ մարդուկը գնել:

«Ֆռիկի պես դեռ շատ չի ճամփորդել, միայն Հայաստանի մեջ, բայց հուսով ենք համավարակի ավարտից հետո «Գյումրիկն» էլ ամբողջ աշխարհով կշրջագայի»,-ասում է Արսենը:

«Արի պոնչո էնեմ». «Գյումրիկը» ժպիտներ է պարգևում

«Արի պոնչը էնեմ», «Դու անփոխարինելի ես» ու նմանատիպ այլ գրություններով մարդուկները տարբեր են թե՛ բնավորությամբ, թե՛ արտաքինով. միայն մեկ ընդհանուր բան ունեն՝ բարի են ու բոլորին ժպիտ են պարգևում:

Տրամադրություն ու բարություն փոխանցող մարդուկին ոչ միայն տանը կամ մեքենայի մեջ ունենալ, այլ նաև հարազատին ու սիրելիին նվիրել արդեն շատերն են ցանկանում: