Տավուշի գյուղերի ու ճանապարհի մասին լուրեր են պտտվում. մարզպետարանի կոչը

Մարզպետարանից հավաստիացնում են՝ ապատեղեկատվությունը տարածում է թշնամին։ Վստահեցնում են՝ մարզի ու բնակիչների անվտանգությունը երաշխավորում է հայոց բանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Տավուշի մարզում գյուղեր կամ ճանապարհի որևէ հատված Ադրբեջանին չի անցնում։ Տավուշի մարզպետարանը Facebook-ի պաշտոնական էջում հերքում է համացանցում շրջանառվող տեղեկությունները։

ՀՀ ՊՆ–ն կտրականապես հերքում է Տավուշի գյուղերի վերաբերյալ տեղեկությունը

«Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի` իբր Տավուշի մարզի մի քանի գյուղ և ճանապարհի մի հատված անցնում է Ադրբեջանի հսկողության տակ, իրականության հետ որևէ առնչություն չունի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մարզպետարանը տավուշցիներին կոչ է անում շրջանցել թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունն ու չտրվել սադրանքներին: 

«Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Մարզպետարանից հորդորում են չտարածել ապատեղեկատվություն։ Զգուշացնում են` այդպիսով վտանգվում են սահմաններն ու սահմանապահ բնակիչների անվտանգությունը:

«Ռուսը պետք է ապացուցի՝ մե՞րն է, թե՞ իրենցը». Սյունիքի մարզպետը` Շուռնուխի տների մասին