Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` Իրանի միջուկային պայմանագրի հետագա ճակատագիրը կախված կլինի ԱՄՆ–ի գալիք վարչակազմի դիրքորոշումից, որովհետև միակ խնդրահարույց կետը Թրամփի պաշտոնավարման ժամանակահատվածում Միացյալ Նահանգների հրաժարումն էր նշված միջազգային համաձայնագրից, ինչը հանգեցրեց զանազան խոչընդոտների։
«Եվրոպական պետություններն էլ ցավոք չկարողացան պահպանել այն բոլոր խոստումները, որոնք տրվել էին Իրանին և այն բոլոր պարտավորությունները, որոնք ստանձնել էին Իրանի նկատմամբ, այն է` ամերիկյան պատժամիջոցների պայմաններում Իրանի հետ տնտեսական հարաբերությունների պահպանումն ու զարգացումը։ Հետևաբար` իրանցիներն այլ ելք չունեին, քան նույնպես որդեգրել աստիճանական կոշտ դիրքորոշումներ»,– նշեց իրանագետը։
Ոսկանյանի կարծիքով` միակ գործուն ազդեցությունը միջուկային համաձայնագրի վերակենդանացման առումով կարող է ունենալ ԱՄՆ–ն իր մոտեցմամբ, այսինքն` ամերիկյան նոր վարչակարգի ձևավորման պարագայում Իրանի հետ երկխոսելու պատրաստակամությամբ ։
«Ինչ վերաբերում է այդ համատեքստում Հայաստանի պահվածքին, ապա նշեմ, որ մեր երկրի սուբյեկտայնության նվազման պայմաններում հայ–իրանական երկկողմ հարաբերություններն այս պահին որևէ զարգացում չեն կարող գրանցել, հետևաբար առաջին խնդիրը Հայաստանի սուբյեկտայնության բարձրացումն է, ինչը կարող է տեղի ունենալ գերակտիվ դիվանագիտական աշխատանքի միջոցով»,– նշեց իրանագետը։
Ըստ նրա` դիվանագիտական ճակատում աշխատանքը պետք է տարվի չափազանց կարևոր ուղղությամբ, այսինքն պետք է ձևավորվի Ռուսաստան–Իրան–Հայաստան առանցքը, որովհետև Իրանի շուրջ զարգացումները, արցախյան գոտում Թուրքիայի ներգրավվածությունը, Մերձավոր Արևելքում առկա աշխարհաքաղաքական տեղաշարժերը նպատակ ունեն թուլացնել Ռուսաստանի ազդեցությունն այս տարածաշրջանում` նույն կերպ թուլացնելով նաև Իրանի դիրքերը և թույլ չտալով, որ ձևավորվի ռուս–իրանական լայն համագործակցություն։ Իրանագետի համոզմամբ` Հայաստանը կարող է վերագտնել իրեն` դառնալով այն հարթակը, որտեղ ռուսական և իրանական կողմերը կարող են ձևավորել դաշինք` մեր մասնակցությամբ։
Իրանում ՀՀ դեսպանը և ԻԻՀ անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանի հարցերը