ՌԱԴԻՈ

Միացյալ Նահանգներում անհանդուրժողականության մթնոլորտը բերելու է նոր ցնցումների. Սարգսյան

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ–ում նախագահական ընտրություններից հետո առաջացած ներքաղաքական զարգացումներին։
Sputnik
Միացյալ Նահանգներում անհանդուրժողականության մթնոլորտը բերելու է նոր ցնցումների. Սարգսյան

Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ` հասկանալի է, որ ընտրությունների արդյունքների բողոքարկումը և Թրամփի թիմի քաղաքական հայտարարությունները, թե դրանք անցել են կեղծիքներով, հարուցել են հանրային բողոք` հանգեցնելով զանգվածային ակցիաների և ընդվզումների։

«Երբ Կոնգրեսում պաշտոնականացվում էր նորընտիր նախագահ Ջո Բայդենի հաղթանակը և տեղի էր ունենում ձայների վերջնահաշվարկ, նույն պահին մայրաքաղաքից ու տարբեր նահանգներից Կոնգրեսին էին մոտենում Թրամփի կողմնակիցները` բողոքելով արդյունքների դեմ ու մեղադրելով դեմոկրատներին` կեղծիքներ իրականացնելու համար։ Արդյունքում նույնիսկ փորձ եղավ գրավել Կոնգրեսի շենքը, երբ հարյուրավոր քաղաքացիներ քննարկման պահին ներխուժեցին ներս»,– նշեց քաղաքագետը։

Լուսանկարները մանրամասն կպատմեն` ինչ էր կատարվում Վաշինգտոնում անցած օրը

Սարգսյանը չբացառեց, որ բողոքի ակցիաները դեռ կշարունակվեն, բայց հավելեց, որ մեծ հաշվով ընտրությունների արդյունքներն արդեն պաշտոնականացվել են, ուստի հունվարի 20-ին ԱՄՆ–ի 46-րդ նախագահ Ջո Բայդենը երդմնակալության արարողությունից հետո կստանձնի երկրի ղեկավարի պաշտոնը։ 

«Անկախ ամեն ինչից, Միացյալ Նահանգները գտնվում է քաղաքական խորը ճգնաժամի մեջ, ընտրություններից հետո հասարակության մեջ առաջացել է բավականին մեծ երկփեղկվածություն, կա տոլերանտության բացակայություն։ Այդ առումով իրավիճակը բնորոշ է նաև մեր հանրությանը, պարզապես թվերն են տարբեր»,– նշեց քաղաքագետը։

Սարգսյանի համոզմամբ` Միացյալ Նահանգներում անհանդուրժողականության մթնոլորտը բերելու է նոր ցնցումների, որոնք հանրային կյանքում կունենան հետևանքներ, ուստի բնական է, որ Ջո Բայդենին դժվար կլինի հնարավորինս արագ վերամիավորել ամերիկյան ժողովրդին` նրան բերելով բնականոն կյանքի։      

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում՝ ԱՄՆ կոնգրեսի շենքի մոտ, ժամեր շարունակ Թրամփի կողմնակիցների բողոքի ակցիա էին անցկացնում այն ժամանակ, երբ Կոնգրեսի 2 պալատների համատեղ նիստում պետք է քննարկվեին նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։

Վաշինգտոնում անկարգությունների հետևանքով 4 մարդ է մահացել․ավելի քան 50 մարդ ձերբակալվել է

Ավելի ուշ Թրամփը Վաշինգտոնում ցուցարարներին կոչ էր արել խաղաղ գործել, թեև մինչ այդ ինքն էր նրանց ուղղորդել Կոնգրեսի մոտ գնալ:

Անկարգությունների հետևանքով մահացել է 4 մարդ։ Ոստիկանները պարետային ժամ սահմանելուց հետո ձերբակալել են ավելի քան 50 քաղաքացու։ Ձերբակալվածների մեծ մասին մեղադրում են պարետային ժամի ռեժիմը խախտելու համար։ Եվս մի քանի մարդ ձերբակալվել է զենք կրելու կանոնները խախտելու կամ ապօրինի զենք պահելու համար։