Հայազգի նորարարը ապագայի շախմատ է ստեղծել. ո՞րն է նոր խաղի «գաղտնիքը» 

Շախմատային կոմպոզիցիայի գծով ռուսաստանցի գրոսմայստեր Օլեգ Պերվակովի կարծիքով` Ջավադ Հովհաննիսյանի մշակած նոր կանոնների շնորհիվ խաղի դրամատուրգիան ավելի անկանխատեսելի և խորը կլինի։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Ավանդական շախմատը շատերին արդեն միապաղաղ է թվում։ Խաղին թարմ շունչ հաղորդելու համար նորարար Ջավադ Հովհաննիսյանը բավական հետաքրքրաշարժ կանոններ է մշակել։

Ըստ նրա` դեբյուտների նոր տարբերակների առաջացումն արդեն գրեթե անհնար է, ամեն ինչ հաշվարկված է այս խաղում։

Հայազգի նորարարը ապագայի շախմատ է ստեղծել. ո՞րն է նոր խաղի «գաղտնիքը» 

«Ներկայումս դեբյուտները վարժեցված քայլերով են ուղեկցվում, որոնք այնքան ծանոթ են շախմատի բոլոր սիրահարներին, որ չեն կարող զարմացնել նրանց։ Դասական շախմատն իրեն սպառել է։ Հարյուր տարի առաջ խաղի ներկայիս տարբերակն արդիական էր, իսկ այսօր ամեն ինչ համակարգիչն է հաշվարկում», – ասում է Հովհաննիսյանը։

Նա կարծում է, որ շախմատային աշխարհի «բնակիչները» նոր դերերի համար բավական հասունացել են։ Իր մշակած կանոնները հին խաղին սուր զգացողություններ կհաղորդեն և նոր հնարավորություններ կբացեն անսպասելի կոմբինացիաների համար։

Շախմատային հետախուզական խումբ

Հովհաննիսյանի կարծիքով` եթե ելնենք նրանից, որ շախմատի տախտակը մարտի դաշտ է, ապա ո՞ւր մնաց  հետախուզությունը, առանց որի պատերազմ չի լինում։

Նրա մտքի նորարարությունն այն է, որ յուրաքանչյուր խաղաքարի տակ նշվում է նրա հատուկ նշանը` նավակ, թագուհի, փիղ կամ ձի։ Այդ դեպքում միմյանցից ոչ մի բանով չտարբերվող զինվորները տարբեր կարգավիճակներ են ստանում և «անհատներ» դառնում։

Հայ աշակերտն ԱՄՆ-ում շախմատի օգնությամբ դրամահավաք է կազմակերպել Արցախին օգնելու համար

«Դասական շախմատի կանոններով, զինվորը վերջին հորիզոնականին հասնելով, թագուհու է վերածվում։ Իսկ իմ տարբերակում այն կարող է վերածվել միայն այն խաղաքարի, որի խորհրդանիշը նշված է նրա տակ։ Ընդ որում, յուրաքանչյուր խաղաքարի խորհրդանիշը հակառակորդին չի երևում», – ասում է Ջավադը։

Զինվորներն այս համատեքստում «գաղտնի գործակալներ են», որոնք նաև միմյանց հետ փոխվելու իրավունք ունեն։ Օրինակ՝ տեսնելով, որ հակառակորդը մտադիր է վերցնել ձեր արժեքավոր զինվորին, դուք կարող եք տեղերով փոխել այն մեկ այլ` ավելի  պակաս արժեքավոր զինվորի հետ` նրան զիջելով հակառակորդին։

Բացի այդ, համակարգչային միջամտությունը նվազագույնի կհասցվի, չէ՞ որ զինվորների տակ թաքնված խորհրդանիշերի մասին տեղեկությանը չտիրապետելով՝ համակարգչին դժվար կլինի վերլուծել իրավիճակի զարգացումն ու տարբերակներ առաջարկել։

Թագավորը ձիու վրա

Ջավադ Հովհաննիսյանն առաջարկում է  էնդշպիլում գերուժով օժտել նաև թագավորին։ Խաղացողը կկարողանա անել դա, եթե վերջին հորիզոնական է հասնում ձիու խորհրդանիշով իր զինվորը։

Այդ դեպքում թագավորը միաժամանակ ստանում է և՛ թագուհու, և՛ ձիու քայլերը` դառնալով խաղի ամենաունիվերսալ խաղաքարը։

Հայազգի նորարարը ապագայի շախմատ է ստեղծել. ո՞րն է նոր խաղի «գաղտնիքը» 

«Ի՞նչ թագավոր առանց ձիու։ Խաղի սկզբում նա լավ պաշտպանված է, բայց էնդշպիլում, կորցնելով զորքին, նա պետք է կարողանա ինքնապաշտպանվել։ Իսկ երբ «թագավորը» հայտնվում է ձիու վրա, գերուժեղ խաղաքար է դառնում, որը կարող է փոխել խաղի ընթացքը։ Նման թագավորին մատ անելը շատ դժվար կլինի, այն դեպքում, երբ նա միայնակ կարող է հաղթել ձիու վրա չհայտնված իր հակառակորդին», – ասում է գաղափարի հեղինակը։

Ապագայի շախմատ

Նոր շախմատին արդեն ծանոթացել  են ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում ռուսաստանցի շախմատային կոմպոզիտոր, շախմատային կոմպոզիցիայի գծով գրոսմայստեր Օլեգ Պերվակովը։ Հովհաննիսյանի մշակումների վերաբերյալ նա նշել է՝  նոր շախմատը մեծ ապագա ունի։

Հայազգի նորարարը ապագայի շախմատ է ստեղծել. ո՞րն է նոր խաղի «գաղտնիքը» 

«Շախմատը, որում զինվորը հանդես է գալիս որպես «անսպասելի ֆիգուր» և որտեղ կրիտիկական պահին, ինչպես և իրական պատերազմում, նախ անհրաժեշտ է հետախուզում իրականացնել՝ պարզելու համար զինվորի «դեմքը», հետաքրքրություն չառաջացնել չի կարող։ Խաղի դրամատուրգիան ավելի անկանխատեսելի և խորը կդառնա։ Արագ շախմատն ու բլիցն էլ ավելի վառ գույներ կստանան։ Խաղը, որում հետախուզում է գործում, խորհրդավոր և մեծամասամբ անկանխատեսելի է դառնում», – մի քանի տարի առաջ գրել է նա Ջավադ Հովհաննիսյանին։

Հայ շախմատիստի մասին հարցն օգնեց լրագրողին գումար շահել ռուսական «Ինչ, որտեղ, երբ»- ում

Հայտնի շախմատիստ, միջազգային վարպետ, Հայաստանի և ՖԻԴԵ–ի վաստակավոր մարզիչ Աշոտ Նադանյանն իր հերթին գրել է. «Մարդկային չափանիշներով շախմատն արդեն հասել է իր զառամյալ տարիքին և, ցավոք, նրան անխուսափելի վախճան է սպասում։ Եվ այդ համատեքստում Ջավադ Հովհաննիսյանի նոր շախմատը կարող է հին խաղի ռեինկարնացիա լինել, դառնալ նրա ապագան»։

Հայազգի նորարարը ապագայի շախմատ է ստեղծել. ո՞րն է նոր խաղի «գաղտնիքը» 

Նորարարը հպարտությամբ նշում է, որ անցած տարի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ևս հետաքրքրվել է արդիականացված շախմատով։ Մասնավորապես նա նշել է, որ այս խաղը կարող է հայկական ապրանքանիշի կարևոր տարր դառնալ։