Հայաստանում կան փակ ճանապարհներ

Հարևան երկիր մուտքը շարունակում է սահմանափակված լինել, արգելքը չի գործում բեռնափոխադրողների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանի որոշ հատվածներում թույլ ձյուն կգա. եղանակի տեսություն

Մասնավորապես, փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ինչ վերաբերում է Լարսին, ապա այն բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար։

«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Թեպետ ավտոճանապարհն անցանելի է, բայց հիշեցնենք՝ համաճարակային իրավիճակով պայմանավորված Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Այս արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: