Հայաստանը պատրաստ է ապահովել կապը Ադրբեջանի և Նախիջևանի միջև. վարչապետի խոսնակ

Թեպետ «Նախիջևանի միջանցքի» մասին եռակողմ հայտարարության մեջ չի նշվում, սակայն նախատեսվում է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Հայաստանը հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրան և հակառակ ուղղությամբ հայկական բեռներ տեղափոխելու հնարավորությամբ: «Արմենպրեսի» հետ զրույցում այսպես է մեկնաբանել Իլհամ Ալիևի Նախիջևանի միջանցքի մասին հայտարարությունը վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Ադրբեջանական կողմից մեր դիրքերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել. Վահրամ Պողոսյան

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք եռակողմ հայտարարությամբ նման միջանցքի բացման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ կան` Գևորգյանը նշել է, որ հայտարարության մեջ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի մասին խոսք չկա:

«Հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է ու այս համատեքստում՝ նաև Ադրբեջանի Արևելյան մասի ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապ հաստատելու»,- ասել է վարչապետի խոսնակը։

Նա հավելել է, որ հայկական կողմը հետաքրքրված է դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական բեռների ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի միջոցով տեղափոխման հնարավորությամբ, իսկ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ հատկապես երկաթուղային տրանսպորտով փոխադրումներով:

«Այս համատեքստում, բնականաբար, Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունն Ադրբեջանի Արևելյան մասի ու Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջև»,- ընդգծել է նա։

Պատրիարք Կիրիլը կոչ է արել Արցախի հարցում հաշվի առնել կրոնական առաջնորդների կարծիքը

Մանե Գևորգյանը հավելել է, որ այս հարցերի ամբողջական քննարկումը դժվար կլինի առանց հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման։ Հիշեցնենք՝ այն նախատեսում է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակում:

Խոսնակն ընդգծել է, որ հայկական կողմը չափազանց կարեւոր է համարում նաև ռազմական գործողությունների գոտում որոնողափրկարարական աշխատանքների ծավալների ընդլայնումը:

«Ամբողջովին սին և հիմնազուրկ». ՀՀ ԱԳՆ խոսնակը պատասխանել է Բաքվի պնդումներին

«Այս թեմայով Ադրբեջանից հնչող վերջին շրջանի հայտարարությունները տարակուսանքի տեղիք են տալիս և կասկածի տակ դնում նոյեմբերի 10-ի հայտարարության պայմանավորվածությունները կյանքի կոչելու Բաքվի հանձնառությունը: Մինչև հիմա Բաքվում պահվող հայ գերիներ կան, բազմաթիվ են վկայությունները նրանց նկատմամբ դաժան ու նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մասին: Կան վկայություններ գերիներին մահապատժի ենթարկելու փաստերի վերաբերյալ։ Այս բոլոր վկայությունները պետք է մանրամասն քննության արժանանան՝ այդ թվում միջազգային ատյաններում»,- ասել է նա։

Գևորգյանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Ադրբեջանում շարունակվում է հայատյաց քարոզչությունը:

Նա շեշտել է, որ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է վերջ դնել սադրիչ գործողություններին և հայտարարություններին: