ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Ադրբեջանական կողմը հայտնում է, որ այս պահին Նախիջևանի միջանցքի բացմանն ուղղված կոնկրետ աշխատանքներ են իրականացվում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիայի, Հայաստանի ու Իրանի հետ կկարողանա օգտվել Նախիջևանով անցնող նոր տրանսպորտային միջանցքից։
Ավել վաղ Ադրբեջանն առաջարկել էր Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան հատվածին կապող միջանցք ստեղծել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը դրական են գնահատել գաղափարը։ Ալիևը կարծում է, որ տրանսպորտային միջանցքի բացումը կհանի Նախիջևանը արգելափակումից, միաժամանակ նոր տրանսպորտային զարկերակ կբացվի։
«Չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, սակայն այդ միջանցքի բացումն արտացոլված է նոյեմբերի 9-ին կնքված հայտարարության մեջ։ Այդ պատճառով միջանցքն անպայման կկառուցվի, ինչը տարածաշրջանում նոր հնարավորություններ կստեղծի։ Այդ ճանապարհից կօգտվի ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանն ու Իրանը։ Այդ ճանապարհը հատուկ նշանակություն կունենա բազմակողմանի համագործակցության համար», - ասել է Ալիևը 2020 թվականի արդյունքներին նվիրված տեսակապի ժամանակ։
Մինչդեռ Արցախի մասին հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը։
Սա սուվերեն միջանցք էլ չէ, սա մեր տարածքն է. «Իմ քայլը»՝ Սյունիք-Նախիջևան ճանապարհի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ չէր մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը նոր միջանցքի մասին։