ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Ադրբեջանական կողմից Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ մեկնաբանելով Wargonzo ալիքի նախօրերին տարածած տեղեկությունները, թե Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում հրաձգային զենքից կրակ է վարել։
Պողոսյանի խոսքով՝ նման իրավիճակ եղել է նաև դեկտեմբերի 31-ի գիշերը, երբ ադրբեջանցիներն օդ էին կրակել: Այս անգամ ևս ադրբեջանական զինուժը օդում մի քանի կրակոցներ է արձակել։
«Մեր դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել»,- շեշտել է խոսնակը։ Նա հավելել է, որ նման տեղեկություններն անտեղի խուճապ են առաջացնում բնակչության շրջանում։ Հավաստիացրել է՝ մտահոգվելու առիթ չկա, որովհետև խաղաղապահներն ու ՊԲ զինծառայողները լիարժեք իրականացնում են իրենց ծառայությունը։
Պողոսյանը նաև հավելել է, որ զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները բնականոն շարունակվում են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում։
Կողմերից մեկը սկսեց իր նախընտրած 0-ից, և կորցրեցինք առավելագույնը. ՊԲ նախկին խոսնակ
Հիշեցնենք՝ նախօրեին տելեգրամյան Wargonzo ալիքը տեղեկություն էր հրապարակել, թե անկանոն կրակոցներ են արձակվել Շուշիի շրջանում: Աղբյուրը նշել էր, որ կրակոցների մեծ մասն օդում են եղել, սակայն կրակել են նաև Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ։