«Սոլեյմանիի վրեժը կլուծվի»․ անհայտ անձինք սպառնացել են ինքնաթիռով մխրճվել Կապիտոլիումի մեջ

ՀԴԲ-ն հայտարարել է, որ լուրջ է վերաբերվում հասարակական անվտանգության դեմ ուղղված բոլոր սպառնալիքներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Նյու Յորքում մի քանի ավիակարգավարներ ձայնագրություն են լսել, որի հեղինակները սպառնացել են ինքնաթիռով մխրճվել Կապիտոլիումի մեջ և վրեժ լուծել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CBS News-ին:

Իրանի արտգործնախարարն ասել է՝ ով է գեներալ Սոլեյմանիի սպանության գլխավոր «շահառուն»

«Չորեքշաբթի մենք ինքնաթիռով կներխուժենք Կապիտոլիում։ Սոլեյմանիի վրեժը կլուծվի»,-մեջբերում է հեռուստաալիքը այն արտահայտությունը, որը կարգավարները լսել են երկու օր առաջ։

Հեռուստաալիքի տվյալներով` թեև իշխանությունները հարձակման այդ սպառնալիքը հավանական չեն համարում, այդուհանդերձ հետաքննում են ավիացիոն հաճախականությունների օգտագործման փաստը։ Իրավիճակն անհանգստություն է առաջացնում, քանի որ կարող է օդաչուներին առնչվել։

Հեռուստաալիքի աղբյուրներն ասել են, որ երեկ կարգավարներին հաղորդագրություն է ուղարկվել՝ ցանկացած սպառնալիքի կամ թռիչքի հետագծից շեղված ինքնաթիռի մասին անհապաղ զեկուցելու անհրաժեշտության մասին հիշեցումով։

ՀԴԲ-ն չի մեկնաբանել այս տեղեկությունը և միայն հայտարարել է, որ լուրջ է վերաբերվում հասարակական անվտանգության դեմ ուղղված բոլոր սպառնալիքներին: ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունից հեռուստաալիքին հայտնել են, որ կապի մեջ են իրավապահ մարմինների հետ։

Աղբյուրների խոսքով՝ անհայտ անձանց հնչեցրած օրը պատահական չի ընտրվել. չորեքշաբթի Կոնգրեսը պետք է հաստատի նախագահական ընտրությունների արդյունքները։

Հիշեցնենք` 2020թ. հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի և «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի ոչնչացման գործողություն իրականացրեց: Վաշինգտոնում համարում էին, որ նրանք մասնակցել են եղել 2019 թ․-ի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կազմակերպմանը։ Իրանը ի պատասխան հարվածներ հասցրեց Իրաքի ամերիկյան ռազմակայանին։

Թեհրանը Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդիր լինելու 13 սցենար ունի