«Մենք պետք է հաղթենք այս խավարին». Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է հայերին

Հանրահայտ ֆուտբոլիստի խոսքով՝ արցախյան պատերազմի միջով անցած մարդիկ արժանի են աջակցության, որպեսզի ամեն ինչ նորից սկսեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik.Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի իր էջում շնորհավորել է հայ ժողովրդին Սուրբ ծննդի կապակցությամբ։

«Այսօր հայերը տոնում են Սուրբ ծնունդը, որը համընկնում է Աստվածահայտնության հետ։ Սակայն այս տարի մենք Ծննդյան տոնը նշում ենք ծանր սրտով։ Հայաստանն ու Արցախը ստիպված են բուժել պատերազմի հասցրած ֆիզիկական ու բարոյական վերքերը։ Իմ հայրենակիցներին ծանր հարված հասցվեց։ Անհրաժեշտ է հնարավորինս շուտ բուժել վերքերը, այդ թվում ՝ հոգու վերքերը», - գրել է Մխիթարյանը։

Ֆուտբոլիստի խոսքով՝ ղարաբաղյան պատերազմի միջով անցած մարդիկ արժանի են աջակցության, որպեսզի ամեն ինչ նորից սկսեն։

«Մենք պետք է հաղթենք այս խավարին», - նշել է Մխիթարյանը և վստահեցրել` հայերը շարունակելու են արարել՝ եկեղեցիներ կառուցել, օպերաներ գրել, ստեղծագործել և իհարկե գոլեր խփել:

Հիշեցնենք` այսօր` հունվարի 6-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի ծննդյան ու աստվածահայտնության տոնը: