ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուս խաղաղապահների կողմից քսաներեք դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիտորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները:
Մեկ օրում ռուս խաղաղապահներն ապահովել են Հայաստանի տարածքից 178 փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ընդհանուր առմամբ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 47 653 մարդ։
Ադրբեջանը Հադրութից դուրս կբերի՞ իր զինուժը. Դեմոյանը` փախստականների վերադարձի մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղում ականազերծման ընթացքում 2020թ. նոյեմբերի 23-ից սկսած չպայթած զինամթերքից մաքրել են 434,9 հա տարածք, 164,8 կմ ճանապարհ, 618 շինություն, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 20 650 պայթունավտանգ առարկա:
Ստեփանակերտից 49 կմ հյուսիս գտնվող Գառնաքար բնակավայրում Ռուսաստանի արտագնա բժշկական բրիգադը ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերել 14 բնակիչների, այդ թվում՝ մեկ երեխայի: Ընդամենը ռուս զինվորական բժիշկները օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 1 123 բնակչի, այդ թվում՝ 139 երեխայի։
Ռուսական խաղաղապահ զորակազմը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհայտ կորած մասնակիցների մասին տեղեկությունների հավաքման «Թեժ գծի» աշխատանքի ընթացքում ընդունվել է 570 դիմում: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։
Ռուս խաղաղապահների բոլոր գործողությունները կատարվում են կորոնավիրուսային վարակի տարածումը կանխող կանոնների պահպանմամբ։
Քարվաճառի ոչ մի սանտիմետրը կռվով չի հանձնվել․ վերադարձած զինվորների պատմությունները
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: