ՌԱԴԻՈ

Ադրբեջանը Հադրութից դուրս կբերի՞ իր զինուժը. Դեմոյանը` փախստականների վերադարձի մասին

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է փախստականների վերադարձի և Հադրութից ադրբեջանական զորքի դուրսբերման անհրաժեշտության մասին։
Sputnik
Ադրբեջանը Հադրութից դուրս կբերի՞ իր զինուժը. Դեմոյանը` փախստականների վերադարձի մասին

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից առ այսօր հայկական կողմը որևէ խախտում թույլ չի տվել, բայց Ադրբեջանը պարբերաբար խախտում է հայտարարությամբ ամրագրված ռազմագերիների և փախստականների հետ վերադարձի կետերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։ 

Քանի՞ փախստական է վերադարձել Արցախ. ՌԴ ՊՆ–ն նոր տվյալներ է հայտնում

«Եթե փաստաթղթում նշված է փախստականների վերադարձ, ուրեմն նրանք պետք է վերադառնան Հադրութ, իսկ ադրբեջանական զինուժի ներկայությունն այնտեղի բնակչության համար ապահովության երաշխիք չէ»,- ասաց նա։ 

Սա նշանակում է, որ հայտարարության կետերն իրագործելիս ադրբեջանական կողմը ստիպված կլինի դուրս բերել սեփական ԶՈւ-ն Հադրութի տարածքից։ Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող հայտարարություններին, թե իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում պատրաստվում են տարբեր ենթակառուցվածքներ, անգամ՝ միջազգային օդանավակայան կառուցել, Դեմոյանի կարծիքով` դրանք հիմնականում քարոզչական բնույթ են կրում։

«Իրենք կարող են Զանգելանում տիեզերակայան կառուցելու մասին էլ հայտարարել, որ զարմացնեն մեզ, բայց արդյոք Ադրբեջանը կուզենա ենթակառուցվածքներ ստեղծել, որոնք անընդհատ խոցելի կլինեն»,- նշեց Դեմոյանը։

Նրա խոսքով` Ալիևը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ խոշոր պատերազմ սանձազերծելով չի լուծել Ղարաբաղի հարցը, մյուս կողմից Հադրութից ադրբեջանական զինուժի դուրսբերումն այլևս չի ընկալվի՝ մեծաթիվ զոհերի և կորուստների պարագայում։

Եռակողմ բանակցություններ են ընթանում, թե որտեղ պետք է կանգնեն սահմանապահները

«Իրենք շատ լավ հասկանում են, որ Հադրութը վերադարձնելով՝ Ադրբեջանի գոնե արևմտյան հատվածը բաժանվում է համարյա 4 հատվածների, որոնցից յուրաքանչյուրն առանձին-առանձին և ընդհանրապես 4-ը միասին, ըստ իս, խոցելի են լինելու, որովհետև 2 կամ 3 կողմից շրջապատված են լինելու հայկական ներկայությամբ»,- հավելեց պատմաբանը։

Բացի այդ, Հադրութից է սնվում նաև Շուշին, եթե այն վերադառնա հայկական վերահսկողության տակ, Շուշիում ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը ևս մնում է օդից կախված, քանի որ հազիվ թե ադրբեջանցիները համաձայնեն գալ և ապրել մի քաղաքում, որը շրջափակված կլինի հայկական բնակավայրերով։