Տավուշում ջրից թունավորվածների մեծ մասը երեխաներ են․ մանրամասներ

ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնում Տավուշի մարզում գրանցված թունավորման դեպքից՝ նշելով, որ թունավորվել են Կողբ, Ոսկեվան, Կոթի, Այրում և Բաղանիս գյուղերի 15 բնակիչներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի մի քանի գյուղերում խմելու ջրից թունավորված բնակիչների մեծ մասը երեխաներ են:

Ինչպես հայտնում է Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը, 2020 թվականի դեկտեմբերի 31-ից մինչ 2021 թվականի հունվարի 4-ը թունավորման նախանշաններով Նոյեմբերյանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Կողբ, Ոսկեվան, Կոթի, Այրում և Բաղանիս գյուղերի 15 բնակիչներ, որոնցից 11-ը՝ 1-14 տարեկան երեխաներ են, 4-ը՝ մեծահաակներ՝ 29, 37, 42 և 65 տարեկան:

COVID-19-ի մուտացված շտամը մոտենում է ՀՀ սահմաններին. վարակակիրը հայտնաբերվել է Իրանում

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ երեխաներից 5-ն ու 2 մեծահասակները, համապատասխան բուժօգնություն ստանալով, դուրս են գրվել հիվանդանոցից: Մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով` ջրի որակի պատճառով շտապ դադարեցվել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի Ջուջևան բնակավայրը սնուցող աղբյուրներից մեկի ջրամատակարարումը։

Ջրից կատարվել է նմուշառում, փորձաքննության արդյունքները ցույց են տվել ջրի որակի շեղումներ։
Բացահայտվել է աղբյուրի հավանական աղտոտման վայրը և աղտոտման պատճառը, ինչի վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում Նոյեմբերյանի համայնքապետարանի կողմից։

Իսկ թե որն է աղտոտման պատճառը, պետական մարմիններից ոչ մեկն իր հաղորդագրության մեջ չի բացահատում: