ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով` ջրի որակի պատճառով շտապ դադարեցվել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի Ջուջևան բնակավայրը սնուցող աղբյուրներից մեկի ջրամատակարարումը։
Ինչպես հայտնում են տեսչական մարմնից, մինչ այդ Ջուջևան, Կոթի, Բաղանիս, Ոսկևան, Կողբ գյուղերից 14 մարդ թունավորման ախտանիշերով, աղիքային գանգատներով դիմել էր Նոյեմբերյանի ԲԿ: 8-ը դուրս է գրվել, 6-ը շարունակում են բուժումը:
Ջրից կատարվել է նմուշառում, փորձաքննության արդյունքները ցույց են տվել ջրի որակի շեղումներ։
ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել ջրի անվտանգության ապահովման ուղղությամբ։
«Բացահայտվել է աղբյուրի հավանական աղտոտման վայրը և աղտոտման պատճառը, ինչի վերացման ուղղությամբ հրատապ աշխատանքներ են տարվում Նոյեմբերյանի համայնքապետարանի կողմից։ Վերջինից ԱԱՏՄ-ն տեղեկացել է, որ ձեռնարկվող քայլերի շրջանակում փոխվում են ջրահեռացման խողովակները և վերացվում է ջրի աղտոտման հնարավոր պատճառը։ Հաջորդիվ կտարվեն մանրէազերծման աշխատանքներ, կարվի ջրի կրկնակի նմուշառում»,- ասվում է ՍԱՏՄ տարածած հաղորդագրության մեջ։
Իսկ թե որն է աղտոտման պատճառը, չի բացահատվում: