«Փոս են փորել, թաղել ու տեղը չեն ասում». ծնողները պահանջում են իշխանության պատասխանը

Բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ իրենց բարձրացրած հարցերի պատասխաններն ստանալու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Բաքվի բերդում շուրջ 800 հայ գերի է պահվում: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում` ՀՀ կառավարության շենքի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը:

«Էդ երեխաներին բերել են Հայաստան, ու հիմա նրանք ոչ մի տեղ չկան». անհետ կորածների ծնողներ

Նրա խոսքով` իրենք հանդիպել են Հայաստան վերադարձած բոլոր գերիների հետ՝ նրանցից իրենց որիդիների մասին տեղեկություններ իմանալու հույսով:

«3 հարկ է եղել, 2 կորպուս, ամեն խցում՝ 6 հոգի: Բացի այդ, երեխեքին աչքերը փակած տարել են, արյան անալիզ են վերցրել: Երեխեքը տեսել են, որ թղթի վրա համարակալված է: Իրենց տեսածով որ հաշվում ենք, գալիս, 800-ն անցնում է»,- ասաց ակցիայի մասնակից Ռոման Գևորգյանը:

Իրենց տեղեկություններով` Ջաբրայիլի տարածքում հարյուրավոր զոհեր ու գերեվարվածներ են եղել: Բայց տղամարդը հայտնեց, որ անձամբ է մասնակցել որոնողական աշխատանքներին ու դիակներ չեն հայտնաբերվել:

«Թուրքի ասածից մենք հասկացանք, որ ողջ մնացածներին գերի են տարել, մահացածներին էլ ուղղակի փոս են փորել, թաղել ու տեղը չեն ասում: Մենք ուզում ենք` տեղն իմանանք, գնանք, մեր երեխեքին հանենք, բերենք»,- ասաց ծնողներից մեկը:

Ծնողները պահանջում են, որ ՀՀ իշխանությունները ՌԴ նախագահի միջնորդությամբ Ադրբեջանի իշխանությւնների հետ ճշտեն, թե իրականում քանի հայ զինվոր կա Բաքվում ու բանակցեն նրանց վերադարձնելու համար:

Բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ իրենց բարձրացրած հարցերի պատասխաններն ստանալու համար:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը