Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին․ տեսանյութ

Հարությունյանը և Այվազյանը քննարկել են նաև գերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման և հակամարտության գոտում կայունության և խաղաղության հաստատմանն առնչվող հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարւ - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցի շրջանակներում Արցախում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից,  նախարար Այվազյանը կարևորել է Արցախի և Հայաստանի պատկան մարմինների միջև տարբեր մակարդակներով ինտենսիվ փոխշփումների և խորհրդակցությունների դերը` որպես արդյունավետ ձևաչափ փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերը տեղում հասցեագրելու և ներկա պայմաններում հետագա համագործակցության շրջանակներն ուրվագծելու համար:

Ալիևը պատասխանել է ՅՈւՆԵՍԿՕ–ի՝ Արցախ փորձագետների խումբ ուղարկելու առաջարկին

«Նախագահ Հարությունյանը և նախարար Այվազյանը համապարփակ քննարկում ծավալեցին Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու նպատակով նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման, այդ թվում, գերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման և հակամարտության գոտում կայունության և խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի շուրջ»,-ասված է հայտարարության մեջ: 

Հանդիպման օրակարգի առանցքային թեմաներից էին պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի կարգավորման, այդ թվում, պատերազմի հետևանքով տեղահանված արցախահայության` իրենց բնակավայրերը վերադառնալու պայմանների ստեղծման, տուժած ենթակառուցվածքների վերականգնման, սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի հարցերը:

«Երկուստեք շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման առաջնահերթությունը, որի հիմքում ընկած պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Արցախի ԱԳ նորանշանակ նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար, ՄԻ նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Մինչ այդ Այվազյանն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են հայկական երկու հանրապետությունների միջև խորհրդակցությունների ծրագիրը:

Աշխատանքային այցով Արցախում է ու Արայիկ Հարությունյանի հետ հանդիպել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: