«Էդ երեխաներին բերել են Հայաստան, ու հիմա նրանք ոչ մի տեղ չկան». անհետ կորածների ծնողներ

Զինծառայողների ծնողները հայտարարում են, որ իրենց երեխաները կորել են Հայաստանի բուժհիմնարկներից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Անհետ կորած զինծառայողների ծնողները սպասում են առողջապահության նախարարի պատասխանին ու հանդիպում պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Այս պահանջով նրանք այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում` ՀՀ կառավարության շենքի դիմաց:

«Մեր պահանջը հետևյալն է. առողջապահության նախարարը պետք է գա ու պատասխան տա, թե ինչպես է ստացվել, որ ծնողներին ցույց են տվել տեսանյութ, որտեղ նրանց երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ հիմա նրանք չկան: Էդ երեխաներին բերել են Հայաստան ու հիմա այդ երեխաները չկան: Ոչ մի հիվանդանոցում չկան»,- ասաց ակցիային մասնակցող ծնողներից մեկը:

Նա նաև հայտնեց, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ իրենք փնտրում են իրենց երեխաներին ՀՀ բուժհաստատություններում: Նրա խոսքով` այսօր որոնումներին, վարչապետ Փաշինյանի հրահանգով միացել են նաև ԱԱԾ աշխատակիցները:

«Այս երեխային Գորիսում են նկարել: Նույնիսկ նկարողին են գտել: Բայց էդ երեխեն չկա»,- ասաց նա` հեռախոսով ցույց տալով բուժհահստատությունում արված զինվորներից մեկի լուսանկարը:

«Էդ երեխաներին բերել են Հայաստան, ու հիմա նրանք ոչ մի տեղ չկան». անհետ կորածների ծնողներ

Ծնողները հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ակցիայի մասնակիցները հիշեցնում են, որ Փաշինյանը դեռ դեկտեմբերի 29-ին է հրահանգել գտնել երեխաներին: Բայց մեկ շաբաթ անց ոչինչ չի արվել:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը