ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik.Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խորհուրդ է տալիս արտադրողներին, ներմուծողներին և այլ բիզնեսմեններին ներդրում կատարել թռչնամսի արտադրության մեջ։
«Ուղիղ մեկ տարի հետո Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ կաճի և կդառնա 80%, որը Հայաստանում թռչնամսի արտադրությունը կդարձնի շատ գրավիչ։ Դա լավ շանս է, որպեսզի այսօրվա արտադրողները, ներմուծողները և ցանկացած այլ բիզնեսմեն ներդնի այս ոլորտի մեջ այսօր, որպեսզի ուղիղ մեկ տարի հետո կարողանա ամբողջ ծավալով արտադրել», - գրել է նա։
Նրա խոսքով՝ տարեկան Հայաստանում արտադրվում է մոտ 15 հազար տոննա թռչնամիս, ներմուծվում է մոտ 44 հազար տոննա: Միայն դեֆիցիտը լրացնելու համար պետք է մոտ 120 մլն եվրո ներդնել թռչնաֆաբրիկաներում և համապատասխան շահույթ ստանալու հնարավորություն։
Ըստ նախարարի` կարելի է և ավելի շատ ներդնել ԵԱՏՄ երկրների ներքին պահանջարկը բավարարելու և արտահանումը թիրախավորելու համար։
Իր գրառման մեկնաբանություններում հնչած հարցին, թե ինչն է խանգարում նույնը անել նաև անասնաբուծության ոլորտում, նախարարը պատասխանել է․ «Տեղական հարկերը։ Դրանցով զբաղվում ենք»։
Վահան Քերոբյանը էկոնոմիկայի նախարար է նշանակվել 2020-ի նոյեմբերին։