ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Թուրքիան ու Պակիստանը բանակցում են Անկարային հրթիռամիջուկային տեխնոլոգաիաներ փոխանցելու մասին։ Տեղեկությունը հայտնում է Zee News India հնդկական պարբերականը։
Աղբյուրը նշում է, որ միջուկային թեմատիկան քննարկվել է դեկտեմբերի վերջին Անկարայում Թուրքիա-Պակիստան բարձր մակարդակի ռազմական երկխոսության խմբում։ Թուրքական պատվիրակությունը գլխավորել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Սելջուկ Բայրաքթարօղլուն։ Պակիստանի պատվիրակության ղեկավարը պաշտպանության հարցերով պետական քարտուղար Միան Մուհամադ Խիլալ Հուսեյնն էր։
Zee News India-ի տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անձամբ խնդրել է Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի պետ Կամար Ջավեդ Բաջվուին կիսվել միջուկային զենքի մշակման ու արտադրության տեխնոլոգիայով, ու պակիստանյան ղեկավարությունը համաձայնվել է։
Պարբերականը հայտնում է նաև, որ այժմ պակիստանյան գիտնականներն օգնում են թուրքական կողմին մեծացնել հրթիռների արտադրական հզորությունները։ Այսպիսով Պակիստանը կոպտորեն խախտում է Հրթիռային տեխնոլոգիաների վերահսկողության ռեժիմը, նշված է հաղորդագրության մեջ։ Պարբերականը նշում է, որ համաշխարհային մամուլում ավելի վաղ տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Թուրքիան որոշ քանակությամբ պակիստանյան արտադրության ցենտրիֆուգաներ ունի։
Թուրքիայում համաշխարհային պատերազմ է «եփվում»․ Վասերմանը կոչ է արել պատրաստվել վատագույնին
Հավելենք, որ Արցախի դեմ 2020-ի աշնանը մղված պատերազմում Թուրքիան ու Պակիստանը մեծածավալ աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին։ Բացի սպառազինության մատակարարումից՝ նշվում էր նաև հակամարտության գոտի Պակիստանից գրոհայիններ ուղարկելու մասին։
Նշենք, որ միջուկային զենք ունեն Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Պակիստանը և Հյուսիսային Կորեան: