ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մասիս Մայիլյանին հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Արցախի նախագահը հրամանագիրը ստորագրել է այսօր` հունվարի 4-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մայիլյանն այսօր ազատվել է Արցախի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Դավիթ Բաբայանը։
Մայիլյանն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար էր նշանակվել 2017 թվականի սեպտեմբերի 25-ին, իսկ 2020 թվականի մայիսի 29-ին` վերանշանակվել։
Նա «Ղարաբաղյան խաղաղ գործընթաց․ հայացք Արցախից» գրքի հեղինական է, բազմաթիվ հետազոտական հոդվածներ ու վերլուծական զեկույցներ է գրել ադրբեջանա-ղարաբաղյան և այլ հակամարտությունների, հայ-թուրքական հարաբերությունների, կովկասյան տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ։