ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության միակ «շահառուն» «Իսլամական պետությունն» էր (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն)։ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նման գրառում է արել Twitter-ի իր էջում։
«Մեկ տարի առաջ ծայրահեղականների ու ահաբեկիչների գլխավոր թշնամին սպանվեց գլխավոր ահաբեկչի կողմից։ Մինդչեռ մեր տարածաշրջանում նրա սպանության տարելիցն են նշում, որպես հիշեցում՝ սպանության գլխավոր շահառուն ԻՊ-ն է, որն այդ օրվանից ակտիվացրել է իր գործունեությունը», - գրել է Իրանի արտգործնախարարը։
Հիշեցնենք` Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվել էր նախորդ տարվա հունվարի 3–ին Բաղդադում ամերիկյան հրթիռային հարվածների հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահից հետո։ Ի պատասխան՝ հունվարի 7-ի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարվածներ հասցրեց Իրաքում տեղակայված ամերիկյան բազաներին։
Հրթիռակոծությունից հետո ԱՄՆ-ը նահանջեց` ասելով, որ պատրաստ է խաղաղության, սակայն մյուս կողմից էլ հայտարարեց Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին։
Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին` Իրանը կշարունակի էներգետիկ համագործակցությունը ՀՀ–ի հետ. Զարիֆ