Արարատի մարզի ոչ մի համայնք թշնամուն չի անցնելու ո՛չ հիմա, ո՛չ երբևէ․ մարզպետ

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին են հանձնելու Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հերքում է տարածված լուրը, թե իրենց մարզից համայնք պետք է հանձնվի Ադրբեջանին։

«Այսօր հայտնի «ընդդիմադիր» շրջանակների կողմից մամուլ սպրդեց տեղեկություն, թե իբրև առաջիկայում Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին են հանձնելու Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը։ Հարգելի՛ արարատցիներ, ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից կոչ եմ անում չհավատալ տարածված ապատեղեկատվությանը։ Արարատի մարզի սահմանները հսկվում են Հայաստանի Զինված ուժերի կողմից և որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու՝ ո՛չ հիմա, ո՛չ երբևէ։ Յուրաքանչյուրս մեր տեղում շարունակենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը», - նշված է մարզպետի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում։

Նշենք, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ մարզերում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրեց, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի տեղերում։

Կապանի քաղաքապետը հերքել է ադրբեջանցիների կողմից զինծառայողի առևանգման լուրը

Դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն, ինչ իրականացվում է Սյունիքի սահմաններին, չի կարելի համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Նրա խոսքով` տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը։

Դեկտեմբերի 29–ին ադրբեջանցիները Շուռնուխի բնակիչներին 1 օր ժամանակ տվեցին գյուղի կեսը, այսինքն 12 տները ազատելու համար։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այդ մեկօրյա ժամկետը Մոսկվայի միջամտությամբ վերացել է։ Նրա խոսքով` տոների հետ կապված` մինչև հունվարի 2-3-ը մարդիկ կմնան իրենց տներում։ Հունվարի 2-ին նա Facebook-ի ուղիղ եթերում հայտնեց, որ ադրբեջանցիները մտել են Շուռնուխ և գյուղացիներին մինչև ամսի 5-ը ժամանակ են տվել։

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն այսօր Sputnik Արմենիային հայտնեց, որ Շուռնուխի ներքևի հատվածի 12 տներն արդեն հանձնվել են ադրբեջանցիներին։