Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանը հետաքրքիր փոխակերպությունների է ենթարկվում։ Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության աճը Բաքվի համար զգալիորեն նվազեցնում է խուսանավելու հնարավորությունը, մյուս կողմից էլ աստիճանաբար ուրվագծվում են թուրքական «խեղդօղակի» աշխարհաքաղաքական մոտիվները։ Այս և բազմաթիվ այլ գործընթացների մասին Sputnik Արմենիայի թղթակից Աշոտ Սաֆարյանը զրուցել է Կենտրոնական Ասիայի և Միջին Արևելքի գծով հայտնի փորձագետ Ալեքսանդր Կնյազևի հետ։
-Արցախյան պատերազմից հետո թուրք-ադրբեջանական տանդեմի հարձակումների թիրախ դարձավ Իրանը, ինչի վկայությունն են Բաքվի զորահանդեսի ժամանակ Էրդողանի հնչեցրած խոսքերը․․․ Ի՞նչ երկարաժամկետ նպատակներ են հետապնդում Անկարան ու Բաքուն` փաստացի տարածքային պահանջներ ներկայացնելով Իրանի Իսլամական Հանրապետությանը։
-Այն, ինչ Էրդողանն ասում էր Բաքվում, պետք է գնահատել որպես մարտահրավեր ոչ միայն Իրանին, այլև Ռուսաստանին, Չինաստանին և մյուս բոլոր երկրներին, որոնց քաղաքականությունը հակասության մեջ է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ։
Կատարում Թուրքիայի ռազմակայանները կարող են սպառնալ Իրանի դիրքերին Պարսից ծոցում, հիմա Էրդողանը նպատակուղղված ձգտում է շրջապատել Իրանը` Իսլամական Հանրապետության հետ հակամարտության հարցում իր օգտակարությունն ապացուցելով ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային։ Ի հեճուկս Էրդողանի հակաամերիկյան և հակաեվրոպական հռետորաբանության՝ բնության մեջ այնպիսի թուրքական քաղաքական ուժ չկա, որը կհրաժարվի արևմտյան հովանուց։
Անսասան է թվում, օրինակ, Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Ամերիկյան կոնգրեսում որոշակի հակաթուրքական ակտիվությունը, ինչպես նաև Ջոզեֆ Բայդենի մի շարք նախընտրական հայտարարությունները մարտավարական բնույթ ունեն և չեն կարող նշանակել, որ ԱՄՆ-ն հրաժարվում է Անկարայի հետ դաշնակցային հարաբերություններից, որի շրջանակում վերջինիս գործողություններին բավականին մեծ ազատություն է տրված։
Այս երևույթը պատմական բնույթ ունի, հարյուրամյակներ շարունակ Թուրքիան իր շահերը համատեղել է արևմտյան տերությունների տարածաշրջանային կամակատարի գործառույթի հետ, և Ռեջեփ Էրդողանի յուրահատուկ արտաքին քաղաքական պահվածքը հազիվ թե այդ դիսպոզիցիայի արմատական փոփոխության հիմք հանդիսանա։
Չի կարելի չնկատել, որ Վաշինգտոնն ու Լոնդոնը ուղղակի կամ անուղղակի կերպով աջակցում են Էրդողանի բոլոր զավթողական ձգտումներին Ադրբեջանում, Հունաստանում, Լիբիայում, Ղրիմի պատկանելության հարցում, Լեռնային Ղարաբաղում։
Ռուսաստանի նկատմամբ, օրինակ, ստեղծվել է այսպես կոչված «Ղրիմյան հարթակը», որն ակնհայտ է փորձ է Ղրիմի շուրջ իրավիճակը միջազգայնացնելու համար՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի անտարբեր դիրքորոշման պարագայում Թուրքիան հակամարտության մեջ է մտնում է անգամ ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ Հունաստանի և Ֆրանսիայի հետ։
Ինչ վերաբերում է Էրդողանի «Մեծ Թուրանի» ծրագրին, ապա դրա մեջ ներառված են շատ երկրների տարածքներ, ընդ որում՝ ոչ միայն թյուրք ժողովուրդներով բնակեցված` ռուսական Ղրիմն ու Սիբիրը, մոլդովական Գագաուզիան, Միջին Արևելքի տարածքները, չինական Սինցզյանը և հեռավոր Մյանման, Աֆղանստանը, Պակիստանը, աֆրիկյան երկրները։ Իհարկե, այս համատեքստում Անկարայի ուշադրությունից դուրս չեն մնացել նաև իրանի թյուրքալեզու էթնոսները։
Էրդողանի անդրադարձը Իրանի տարածքներին առայժմ պետք է դիտարկել որպես ուղերձներ. Անկարան դեռ պատրաստ չէ Իսլամական Հանրապետության հետ ուղիղ հակամարտության մեջ մտնել՝ ուժերը չեն հերիքի, բայց դա ազդանշան է թյուրք ազգայնականներին, առաջին հերթին՝ բուն Թուրքիայում, իհարկե Ադրբեջանում, որոշ չափով՝ Իրանում։
Միայն թե պետք է հաշվի առնել նաև Իրանում էթնիկ ադրբեջանցիների նշանակությունը․ մի քանի տարի առաջ, քննարկելով Բաքվի ազգայնականների կոչերը իրանական Ադրբեջանի միավորման մասին, իրանի ադրբեջանցիներից մեկը կատակեց․ «Կարելի է միացնել միայն փոքրը մեծին»։ Եթե Ադրբեջանի Հանրապետությունում ադրբեջանցիների թիվը մոտ 8 միլիոն է, իսկ Իրանում 20 միլիոնից ոչ պակաս, ապա ո՞րը ում պետք է միացնել։ Ի դեպ, Իրանում բավական տարածված է «Բաքվի Հանրապետություն» հասկացության կիրառումը, քանի որ Իրանում ամբողջ երկու օստան՝ նահանգ կա` Արևելյան Ադրբեջան և Արևմտյան Ադրբեջան։
-Իսկ ի՞նչ գործառույթներ են հատկացված Ադրբեջանին Թուրքիայի զավթողական ծրագրերում։
-Բաքվին այս ամբողջ հակաիրանական «մեծ խաղում» շախմատային մանր ֆիգուրի դեր է տրվել։ Հազիվ թե կարելի է խոսել ինչ-որ տանդեմի մասին, տանդեմն այնուամենայնիվ մասնակիցների հավասարազորություն է ենթադրում։ Ադրբեջանը վերջնականապես հաստատել է իր ընտրությունը Թուրքիայի օգտին և իր ինքնիշխանության կորուստը։
Ժամանակին ես Աֆղանստանը «եվրասիական քաղաքականության կոնտրապունկտ» էի անվանել, այդ արտահայտությունը վաղուց արդեն կիրառելի է նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար, հիմա նման դերի է հավակնում նաև Ադրբեջանը։ Թուրքական ղեկավարման տակ գտնվելով` Բաքուն ավելի շատ է ստիպված լինելու հաշվի նստել Ռուսաստանի և նրա ռազմական ներկայության հետ դե յուրե նրա տարածքում Իրանի հետ։
Բացի այդ, իրանա-ադրբեջանական հարաբերությունները բարդացնելու կարևոր շարժառիթը, դրանց լուրջ գրգռիչը ես կհամարեի անցած պատերազմին Բաքվի կողմից Թել Ավիվի մասնակցությունը, չի կարելի մոռանալ Իրանի ու Իսրայելի հակամարտության մասին, և դա միայն Ադրբեջան ուղղվող իսրայելական ռազմական մատակարարումները չեն: Հարցը շատ ավելի բարդ է։
Այս համատեքստում որպես թուրքական և ադրբեջանական տրանսպորտային քաղաքականության որոշակի հաջողություն կարելի է դիտարկել, օրինակ, Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցք ստեղծելու ներկայիս որոշումը։ Բայց այդ միջանցքը վերահսկվում է ՌԴ ԱԴԾ ռուսական սահմանապահ զորքերի կողմից, և դրա շահագործումը ցանկացած պահի կարող է լուրջ կասկածի ենթարկվել։
Իրական քաղաքականությունը միշտ հիմնված է կոնկրետ շահերի վրա, որոնք պարտադիր չէ` համընկնեն կնքվող պայմանագրերի և համաձայնագրերի հետ, ո՛չ լավ է, ո՛չ վատ, դա պարզապես մեր իրականությունն է: Իսկ այս իրականության մեջ ո՛չ ռուսական կողմը, ո՛չ իրանականը շահագրգռված չեն Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքների միջև ուղիղ կապի գործունեությամբ։
Կարելի է մտածել նման միջանցքի գոյության հարցում Չինաստանի շահի մասին, բայց չի բացառվում, որ դրա գործարկման համար բազմաթիվ խոչընդոտներ ի հայտ գան։ Եվ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի այդ կետը լիարժեքորեն կարող է և չիրականացվել։ Հաշվի առնելով նաև այս տարածաշրջանում պահպանվող ընդհանուր անորոշությունը։
Միաժամանակ, ադրբեջանա-թուրքական դաշինքում հակաիրանական դիսկուրսը կշարունակվի, ինչը, ի լրումն արդեն վաղուց գոյություն ունեցող հակասությունների, չեզոքացնում է շատ դրական տարածաշրջանային նախաձեռնություններ։ Բնական է, որ այս իրավիճակը մշտապես հրահրելու է տարածաշրջանում հակամարտության բարձր աստիճան և առաջին հերթին հենց Ադրբեջանի նկատմամբ ։
-Հայաստանում չեն բացառում Արցախում նոր պատերազմի հեռանկարը․․․ Ի՞նչը կարող է հանգեցնել այդ սցենարին։
- Ինձ արդեն քիչ հավանական է թվում նախկին տեսքով պատերազմը, երբ Արցախի ու Հայաստանի ուժերը ռազմական բախման են գնում Ադրբեջանի դեմ, որին աջակցում է Թուրքիան՝ Իսրայելի մասնակցությամբ և ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի լուռ թողտվությամբ։ Թուրքիայի ներգրավումը և ռուսական ներկայությունը, իրանական գործոնը՝ այս ամենը հակամարտությունը դարձնում են Բաքվի և Երևանի միջև հակամարտության սահմաններից դուրս շատ հեռուն գնացող երևույթ: Այս հակամարտությունը նախկինում էլ միագիծ չէր, բայց հիմա այն բարդանում է, դրանում չափազանց մեծ թվով հետաքրքրված կողմերի շահեր կան։
-Կարո՞ղ ենք պնդել, որ Հայաստանն Արցախում պարտության դատապարտված կլինի` հաշվի առնելով Թուրքիայի և նրա հետևում կանգնածների ակտիվ մասնակցությունը։
-Պատմությունը միշտ էլ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների համակցություն է, ուստի դատապարտված լինելու մասին կարելի է խոսել միայն պատերազմի սկզբի կոնկրետ իրավիճակի վերաբերյալ։ Այո, սուբյեկտիվ գործոնները՝ 2020թ․-ի հոկտեմբերի դրությամբ ռազմական ներուժների վիճակը, Բաքվի և Անկարայի մտադրությունները, ՀՀ գործող իշխանության դրությունը և մի շարք այլ գործոններ Հայաստանի օգտին չէին։ Բայց այդ համադրությունը, ճշգրիտ գիտությունների լեզվով ասած, փոփոխական մեծություն է։