ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները Ստեփանակերտի ականազերծում են իրականացնում։ Ինչպես հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, գործողության ընթացքում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 400 հեկտար տարածք, շուրջ 151 կիլոմետր ճանապարհ, 617 շինություն, որոնցից 22-ը՝ սոցիալական նշանակության օբյեկտներ: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 16 հազար պայթուցիկ նյութ։
«Լեռնային Ղարաբաղում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքի և եղանակի վատթարացման պայմաններում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հայտնաբերված պայթունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված զինափորձարանում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների ապահովմամբ։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են