Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. ներկա է եղել նաև Արցախի նախագահը

Թեպետ երկրում «տոնական» կիրակի է, բայց կառավարությունում Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. ներկա է եղել նաև Արցախի նախագահը

«ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին և անվտանգային միջավայրին վերաբերող մի շարք հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Էդմոն Մարուքյանը պատմեց, թե ինչ է քննարկվել վարչապետի հրավիրած ԱԽ հրատապ նիստում

Ի դեպ, նիստին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նշենք, որ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ խորհրդի անդամներն են վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության, արտաքին գործերի նախարարները, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Հրապարակված լուսանկարներում երևում է, որ այս նիստին Անվտանգության խորհրդի անդամներից բացի ներկա են եղել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և այլք։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը