«Լինելու ենք եկեղեցու կողքին». Էջմիածնում մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել

Սուրբ Գայանեում վեհափառի մասնակցությամբ այս տարվա առաջին պատարագն անցկացվեց։ Եկեղեցու պաշտպանները տեղում են, իսկ բողոքի ակցիա անցկացնողները դեռ չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Այսօր վաղ առավոտից Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու մոտ մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել՝ ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու և ի աջակցություն Ամենայն հայոց կաթողիկոսի։ Սուրբ Գայանե եկեղեցու մոտ են նաև ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և ուրիշներ։

Աջապահյանը մանրամասներ է պատմում «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակիցների մասին

Տեր Սահակ քահանա Գալստյանը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով հունվարի 3-ին` առավոտյան 9:30-ին, հավաքվել Էջմիածնում՝ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու համար բողոքի ցույց անցկացնելու նպատակով։ Դրան ի պատասխան տարբեր քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ կոչ էին արել միավորվել բողոքի ցույցը խափանելու և եկեղեցին պաշտպանելու համար։ 

Նշենք, որ այսօր Սուրբ Գայանեում եկեղեցում 2021 թվականի առաջին պատարագն է անցկացվում վեհափառ հայրապետի մասնակցությամբ։

Եկեղեցին ազատ է իր կարծիքն արտահայտելու ի պաշտպանություն ազգային շահերի. վեհափառ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ եկել են առաջնահերթ կիրակնօրյա պատարագի մասնակցելու, խոստովանություն անելու, հաղորդություն ստանալու, հայ առաքելական եկեղեցին պաշտպանելու և իրենց համերաշխությունը վեհափառ հայրապետին հայտնելու համար։

«Լինելու ենք եկեղեցու կողքին, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի անարգել մեր սրբությունները»,- լրագրողների հետ զրույցում նշեց Շարմազանովը։

Այն, ինչ այսօր կատարվում է, և այն կոչերը, որ հնչում են` ուղղված վեհափառ հայրապետին և եկեղեցուն, Վահրամ Բաղդասարյանն անվանեց «խայտառակություն և ոտնձգություն մեր հավատքի նպատմամբ»։

Պարտության հիմքը, կամ ինչ է լինում, երբ «դուխով» հրամանատարը քար է գցում եկեղեցու բոստանը

Վեհափառ հայրապետը դեպի եկեղեցի քայլեց քաղաքացիների ուղեկցությամբ՝ ճանապարհին օրհնություն բաժանելով հավատավորներին։

Հիշեցնենք, որ եկեղեցու և կաթողիկոսի դեմ ուղղված արշավն ակտիվացավ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հրապարակումից հետո, երբ մեծ թվով եկեղեցականներ հանդես եկան վարչապետի քննադատությամբ և նրա հրաժարականի պահանջով։

Իրավիճակը սրվեց, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ևս կոչ արեցին վարչապետին հրաժարական տալ։

Եկեղեցուն ուղղված քննադատությունների նոր ալիք բարձրացավ, երբ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու քահանա Պարգև քահանա Զեյնալյանը չսեղմեց վարչապետի ձեռքը։