ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանի դիտարկմամբ` չգրանցվեցին այն արդյունքները, որոնք ակնկալվում էին ի սկզբանե իշխանափոխությունից հետո և կառավարության տված խոստումները 2020 թվականի կտրվածքով` նույնպես չիրականացան։ Ըստ նրա` հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված են բազմաթիվ միջոցառումներ, սակայն դրանցից քչերն են կյանքի կոչվել ըստ ժամկետների և դրանցում դրված նպատակներին համահունչ, իսկ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագիծը հայտնի չէ, թե որ փուլում է, մինչդեռ նախատեսվածի համաձայն` պետք է գործարկվի այս տարվանից։
«Նույնը վերաբերում է ապօրինի գույքի բռնագանձման ընթացակարգերին։ Թեև օրենքն ընդունել ենք, բայց մինչև այս պահը հասկանալի չէ, թե ինչ ուսումնասիրություններ են իրականացվել, այնինչ անցել է չորս ամիս, և օրենքն արդեն կարող էր կիրառվել ամբողջ ծավալով։ Կան նաև գործեր, որոնք չեն էլ ենթադրում ուսումնասիրության երկար ժամկետներ, բայցևայնպես, անհասկանալի է, թե ինչ փուլում են գտնվում, առավել ևս, երբ տարեկան հաղորդումներ ու հաշվետվություններ պետք է ներկայացվեն, թե ընթացիկ ժամանակաշրջանում առհասարակ ինչ է կատարվել այդ ուղղությամբ»,– նշեց ՀՀ արդարադատության նախկին փոխնախարարը։
Անդրադառնալով այն հարցին, որ մինչ օրս կոռուպցիայի հատկանիշներով որևէ անձ դատապարտված չէ, Խաչիկյանն ընդգծեց, որ խնդրի հետ կապված` կան մի քանի ելակետեր, որոնցից մեկն, օրինակ, մինչ այդ բարձրաձայնված քաղաքական կամքի ցածր մակարդակն է, թեև ի սկզբանե խոսում էին անհրաժեշտ կամքի դրսևորման մասին, սակայն 2,5 տարի անց, ըստ նրա, ունենք տրամագծորեն հակառակ պատկեր, նույնիսկ առկա է խճողված ու խեղաթյուրված քաղաքական մթնոլորտ։
Նոր գործիքակազմն ընդդեմ կոռուպցիայի. ի՞նչ անել, որ այն առավել արդյունավետ «աշխատի»
«Միանշանակ, անհնար է հակակոռուպցիոն ռազմավարությունն արդյունավետորեն կիրառել առկա քաղաքական իրողությունների պարագայում, նույնիսկ տրամադրություն չկա խոսելու հակակոռուպցիոն պայքարի գործիքակազմի մասին, քանզի կորցրել ենք հայրենիք, կորցրել ենք ազգային ոգին ու մեր զարթոնքը, հետևաբար, նման պայմաններում ռազմավարական միջոցառումների մասին խոսելն ավելորդ է»,– նշեց ՀՀ արդարադատության նախկին փոխնախարարը։
Խաչիկյանի գնահատմամբ` այժմ ունենք ակնհայտ նոր քաղաքական իրողություններ, որոնց պայմաններում հակակոռուպցիոն պայքարի բոլոր գործիքակազմերը դառնում են սկզբունքորեն անիմաստ, դրանք մնում են սոսկ մշակված շատ լավ և որակյալ փաստաթղթեր, սակայն դրանց իրացման մակարդակը երկրում ցածր է։
Կոռուպցիան նվազել է, բայց համակարգում խնդիրները լուծող չկա․ տնտեսագետը՝ ներդրումների մասին