ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. 2020 թվականը ծանրագույն կորուստների ու մարտահրավերների տարի էր հայ ազգի համար: Ամանորի իր շնորհավորական ուղերձում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա հայտնել է, որ հին տարին ճանապարհել են անհետ կորած զինծառայողների հարազատների հետ երթով և դիմավորել նոր տարին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում պատարագով՝ ի հիշատակ նահատակվածների:
«Մենք կորցրեցինք հազարավոր անգին կյանքեր, որոնց հիշատակը հարգելու լավագույն ձևը նրանց առաքելությունն ու երազանքները շարունակելն է: Մենք պարզապես պարտավոր ենք շարունակել մեր նախնիների ու պատերազմում ընկած քաջորդիների գործը. թեև ծանր պայմաններում, սակայն միասնական, խելացի ու համբերատար պայքարը, համոզված եմ, կտա իր պտուղները պատմության երթում»,–ասել է նա։
Հարությունյանը նշել է` թո՛ղ 2021 թվականը հեռու պահի հայրենիքը նոր արհավիրքներից, թո՛ղ այն դառնա ազգային վերականգնման ու վերակազմակերպման տարի, թո՛ղ բոլորի օջախները լինեն խաղաղ և կյանքով լեցուն՝ միշտ մեր սրտերում վառ պահելով հայոց սուրբ նահատակների հիշատակը և նրանց հանդեպ մեր պարտավորությունները:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի ու սուրբծննդյան տոների առթիվ
Արցախի նախագահը խաղաղություն, վճռականություն ու ոգու տոկունություն է մաղթել: