Ջաբրայիլից և Մարտունուց 3 զոհվածի մարմին են դուրս բերել. Հադրութ մտնել դեռ չեն թողնում

Մինչ օրս որոնողափրկարարական աշխատանքների շնորհիվ հայտնաբերվել է 1138 զինծառայողի աճյուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնողները երեկ 3 զոհված զինծառայողի աճյուն են դուրս բերել Ջաբրայիլից և Մարտունուց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Վերջին մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 220 արցախցի

«Երեկ 2 մարմին դուրս է բերվել Ջաբրայիլից, մեկը` Մարտունու ուղղությունից: Մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1138 զինծառայողի աճյուն»,–ասաց Թադևոսյանը։

Նա հայտնեց նաև, որ նախատեսված է եղել 5 ուղղությամբ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել, սակայն դրանցից երկուսի համար դեռ թույլտվություն չեն ստացել։ Խոսքը, մասնավորապես, Կուբաթլուի և Հադրութի ուղղությունների մասին է, որտեղ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար ասել են` սպասեք։ Քայլեր են իրականացվում Հադրութում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսելու համար։

Թադևոսյանը հայտնեց` այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլիի և Մարտունու ուղղությամբ։

Ադրբեջանը վերադարձրել է նաև մեկ զոհվածի մարմին

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին ադրբեջանական կողմը լուրեր էր տարածել, որ իր վերահսկողության ներքո գտնվող Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև մարտեր են վերսկսվել։ Արցախի պաշտպանության բանակը հերքել էր այդ լուրերը։ Սակայն նույն օրն իսկ Ադրբեջանը թույլ չէր տվել մտնել Հադրութ և որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել։