Քարահունջի հողատարածքներն այս պահի դրությամբ Ադրբեջանին չեն հանձնվել. մարզպետ

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը պատմել է, որ տեղորոշումն իրականցվում է 1974թ-ի խորհրդային քարտեզով: Սակայն յուրաքանչյուրը տեղորոշման է գնում իր քարտեզով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի հողատարածքներն այս պահի դրությամբ Ադրբեջանին չեն հանձնվել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:

Ադրբեջանցիները պահանջել են մեկ օրում ազատել Շուռնուխ գյուղի կեսը. Գորիսի փոխքաղաքապետ

«Դեռ տեղազննման փուլում է, բայց այս պահին դեռ ոչ մի փոփոխություն չկա: Մեր ձեռքի տակ եղած, արխիվում առկա փոստաթղթերը տվել ենք ԱԱԾ-ին ու սահմանապահ զորքերի հրամանատարությանը: Նրանք զբաղվում են»,- ասաց մարզպետը:
Մելիքսեթ Պողոսյանը հայտնեց, որ ցանկացած փոփոխություն կարող է տեղի ունենալ միայն ԽՍՀՄ 1974 թ-ի քարտեզով:

«Այնտեղ, որտեղով անցել է Խորհրդային Ադրբեջանի հետ սահմանը՝ որտեղ «կոլչկաներ» կան, որտեղ տակը քարածուխ կա: Այնտեղ, որտեղ շատ ուշադրություն է պահանջվում, իրենք քարտեզով, փաստաթղթերով գալիս են, կարողանում են ապացուցել, որ իրենցն է: Մենք էլ պիտի կարողանանք ապացուցել, որ մերն է: Խնդիրն այս է: Մենք թշնամուն իրավունք չունենք խնդրելու, պետք է ուժեղ լինենք ու մենք թելադրենք»,- ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով, յուրաքանչյուրը տեղորոշման է գնում իր քարտեզով: Արդյունքում՝ տարածքային փոփոխությւն չկա: Իրավիճակը Սյունիքում հանգիստ է:

Ադրբեջանցիները պահանջում են իրենց փոխանցել Շուռնուխի 12 տները. ի՞նչ է պատմում գյուղապետը

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Սյունքի Գորիս խոշորացված համայնքի Քարահունջ գյուղի 30 հա գյուղնշանակության հողեր հանձնվում են Ադրբեջանին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել էր Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը։

Նրա խոսքով, հանձնվող հատվածը գյուղից ներքև գտնվող այգիների հատվածն է, որն, ի դեպ, Ադրբեջանի սահմանի հետ ոչ մի կապ չունի:

Նա նաև տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմին է հանձնվել նաև Քարահունջ գյուղի ՀԷԿ-ը։