Փաշինյանն Ալիևի հետ նոր փաստաթուղթ կստորագրի. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ Փաշինյանի հայտարարած 6-ամսյա պլանն ու ընտրություններ կազմակերպելու «կեղծ օրակարգը նպատակ ունեն հայրենիքը մաս-մաս հանձնել թշնամուն»:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է թշնամուն զիջել Լաչինի մի շարք բնակավայրեր, Քարահունջից շուրջ 30 հա տարածք, Տավուշի մարզի մի շարք բնակավայրեր: Facebook-ում կատարած գրառման մեջ նման հայտարարություն է արել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը:

«Քո փորձերը չեն ստացվելու». Սաղաթելյանն արձագանքել է Փաշինյանին

«Նիկոլը պատրաստվում է առաջիկայում Ալիևի հետ ստորագրել նոր փաստաթուղթ՝ իր կողմից թուրքերին բանավոր պայմանավորվածությամբ նվիրաբերած տարածքները օրինականացնելու համար»,- գրում է նա:

Այդ տարածքների շարքում Սաղաթելյանը հիշատակում է նաև Սոթքի ոսկու հանքավայրը, Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, Գորիս – Կապան միջպետական ավտոմայրուղին, կամավորական վաշտերի կողմից անառիկ պահված Սյունիքի կարևորագույն ռազմավարական դիրքերը, ՀԷԿ-եր և այլ կենսական նշանակության օբյեկտներ, տարածքներ և բնակելի թաղամասեր Շուռնուխ և Որոտան գյուղերից:

Սաղաթելյանը հիշեցնում է, որ նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր իր 6-ամսյա ճանապարհային քարտեզի մասին, ըստ որի պետք է առաջիկա ամիսներին լուծեր պետության համար կարևոր հարցեր: Ժամանակի մեկ քառորդն արդեն անցել է, բայց, Սաղաթելյանի դիտարկմամբ, անցնած հիսուն օրերի ընթացքում միայն թշնամուն են հանձնվել եռակողմ հայտարարությամբ չնախանշված վերոհիշյալ տարածքները:

«Կառավարությունն այս ընթացքում ոչ միայն չի լուծել գերիների և անհետ կորածների խնդիրը, այլև տոտալ անիշխանության և բանակի կազմալուծման պայմաններում ունեցել ենք նոր զոհեր և գերիներ։ Դավաճանի 6-ամսյա պլանը կամ ընտրություններ կազմակերպելու կեղծ օրակարգը ոչ այլ ինչ է, քան հայրենիքի մաս-մաս հանձնումը թշնամուն»,- նշում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

«Մեր կենտրոնական շտաբը տեղափոխվելու է Հանրապետության հրապարակ». Իշխան Սաղաթելյան

Ստեղծված իրավիճակում, ըստ նրա, գերխնդիրն է Փաշինյանի ժամ առաջ հեռացումը և հայրենիքի փրկությունը, մնացածը կեղծ օրակարգ է:

Հիշեցնենք, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը ստեղծել են Հայրենիքի փրկության շարժում ու Վազգեն Մանուկյանին առաջադրել վարչապետի միասնական թեկնածու։ 

Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 22-ից ընդդիմադիրներն անժամկետ նստացույց են հայտարարել նույն պահանջով՝ վարչապետի հրաժարական։