ՌԱԴԻՈ

Ատելության մթնոլորտը պահպանվում է, պառակտումը` խորանում. քաղաքագետն ամփոփում է տարին

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում ամփոփել է 2020 թվականը` անդրադառնալով անցնող տարվա առավել կարևոր իրադարձություններին։
Sputnik
Ատելության մթնոլորտը պահպանվում է, պառակտումը` խորանում. քաղաքագետն ամփոփում է տարին

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` սա մեր պատմության վերջին հարյուրամյակի կտրվածքով ամենաողբերգական տարիներից մեկն էր` և՛ մարդկային զոհերի, և՛ տարածքների կորստի, և՛ բարոյահոգեբանական ճնշվածության առումով։

«Դեռ 2,5 տարի առաջ տեղի ունեցավ, այսպես կոչված, հեղափոխությունը, բայց իրականում գաղափարական և կառուցվածքային փոփոխություններ Հայաստանում չիրականացան, ինչը կանխատեսելի էր, և արժե կարդալ հին հոդվածները, որպեսզի տեսանելի լինի, թե ինչպես էին մարդիկ մտածում ու տրամաբանում 2018-19 թվականներին»,– նշեց քաղաքագետը։

Արցախցիների նկատմամբ ատելություն և թշնամանք հրահրող տեսանյութն ուղարկվել է ԱԱԾ

Դանիելյանի կարծիքով` հետզհետե տեսանելի դարձավ նաև, թե իշխանությունն իր գործունեությամբ ուր է տանում երկիրը. արցախյան ճակատում ամբողջությամբ քայքայվեց բանակցային գործընթացը, որի հիմքում, ըստ էության, դրվեց զիջման գաղափարը։ Ըստ նրա` քայքայման գործընթաց տեղի ունեցավ ոչ միայն տնտեսական բնագավառում, այլև պետական ինստիտուտների գործունեության ոլորտում, որոնց աշխատանքներում ներգրավվեցին փորձ չունեցող, բացարձակապես անգրագետ անձինք։

«Բոլորի համար այս իշխանությունն ու այն մարմնավորողը խնդրահարույց էր, ոչ ոք չէր հասկանում, թե ուր է գնում երկիրը, և բնական է, որ այս ամենը տարավ պատերազմի ու պարտության։ Իսկ թե ինչպես էր պատերազմի ընթացքում տեղի ունենում կառավարման գործընթացը, այդ առթիվ պարզապես կան խայտառակ դեպքեր, որոնք ավելի մանրամասն կներկայացվեն ապագայում»,– նշեց քաղաքագետը։

«Տղերքի արյունը գոնե սրբի այս ատելությունը». անկեղծ զրույց առաջնագիծ մեկնած դերասանի հետ

Դանիելյանին առհասարակ զարմացրել է այն հանգամանքը, որ ընթանում էր 5-րդ սերնդի պատերազմ, մինչդեռ երկրի ղեկավարը կոչ էր անում հասարակական կազմակերպություններին զինվել և ջոկատներ ուղարկել ռազմաճակատ։ Ըստ նրա` այդ ամենը տանում էր պարտության և մարդկային կորուստների, թեև դեռ երկու տարի առաջ վերահաս արհավիրքի մասին զգուշացնում էին, իսկ Հայաստանում իշխանության ձեռամբ տեղի էր ունենում պառակտում` հներ և նորեր, սևեր–սպիտակներ։ Ֆեյսբուքյան հարթակը նույնիսկ պատերազմի օրերին լեցուն էր հայհոյանքներով ու փոխադարձ ատելությամբ։ 

Քաղաքագետի գնահատմամբ` մինչ օրս իշխանության շնորհիվ ստեղծված ատելության մթնոլորտը պահպանվում է, խորանում է հասարակության պառակտումը։ Նրա համոզմամբ` իշխանության սխալները վկայում են պետական մտածողության բացակայության մասին, ինչի օրինակները հազարավոր են։