ՌԱԴԻՈ

Հայհոյանքի ու սպառնալիքների չափաբաժինը շատ վտանգավոր սահմանի է հասել. Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է երկրում առկա ներքաղաքական լարվածությանը, որն ուղեկցվում է երկուստեք` և՛ ընդդիմության, և՛ իշխանության կողմից հնչող՝ անհարիր արտահայտություններով համեմված փոխհրաձգությամբ։ 
Sputnik
Հայհոյանքի ու սպառնալիքների չափաբաժինը շատ վտանգավոր սահմանի է հասել. Թաթոյան

Արման Թաթոյանի դիտարկմամբ` վիրավորանքի, անհանդուրժողականության, հայհոյանքի ու սպառնալիքների չափաբաժինը շատ վտանգավոր սահմանի է հասել, ինչը շատ մտահոգիչ է։ ՄԻՊ–ն, իր հավաստմամբ, չի հիշում մի շրջան, երբ երկու կողմից հնչող վիրավորոնքների տարափը հասներ այս ծավալի ու աստիճանի։ 

Երևանի կենտրոնում հայհոյանք ու ատելություն պարունակող տեսանյութ է ցուցադրվել

«Անհանդուրժողականության մթնոլորտին նպաստում է նաև հետպատերազմական էմոցիոնալ ֆոնը, և գուցե այդ գործոնն էլ է ազդել, որ ամեն ինչ հասել է սրան, բայց հատկապես սոցիալական մեդիայի տիրույթում կազմակերպված խմբերը, ֆեյքերը, ըստ մեր մոնիթորինգի, գործում են թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական դաշտում, և ոչ ոք չի կարող ինձ հակառակն ապացուցել։ Յուրաքանչյուրը կռվում է և փորձում իր կեղծ էջերով կողմնակիցներ հավաքել, սակայն արդյունքում նրանք կռվում են, իսկ մեջտեղում մնում է մեր ժողովուրդը, հասարակությունը, որն ամբողջությամբ հայտնվում է ատելության թիրախում»,– նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։

Թաթոյանի կարծիքով` տեղի են ունենում սադրանքներ, որոնց միջոցով մարդիկ ներքաշվում են քննարկումների մեջ, ու թեև կեղծ օգտատերերը շատ պրոֆեսիոնալ կերպով են գործում, այդուհանդերձ ՄԻՊ–ը քաղաքացիներին հորդորում է զգոն և զգույշ լինել` զերծ մնալով սադրանքներից, որոնք մեծացնում են ատելության մթնոլորտը։ Ըստ նրա` նույնիսկ սադրիչների տեքստերն են նախապես մշակված ու միասնական, դրանք նույնն են տարբեր տեղերում, այսինքն անուն–ազգանուններ փոխելով` տարածում են նույն տեքստերը։

Սյունիքի ցուցանակը բնակիչներին ահաբեկելու քայլ է. ՀՀ ՄԻՊ–ը կդիմի միջազգային կառույցներին

Անդրադառնալով արտահայտություններին, որոնց միջոցով ընթանում է դիսկուրսը, Թաթոյանն ընդգծեց, որ ոչ ոք իրավունք չունի մարդկանց վիրավորելու, և այս հարցում բավականին մեծ է հանրային իշխանության դերը, որովհետև նրանք են պատասխանատու, որպեսզի երկրում լինի հանդուրժողականության մթնոլորտ։

ՄԻՊ–ի կարծիքով` երկու կողմից հնչող արտահայտությունները, ինչպիսիք են, օրինակ, «ժեխ», «զոմբի», «գազազած ամբոխը կհոշոտի», «առանց արյան ոչինչ չի լինի» և այլ ձևակերպումները, անթույլատրելի են։ Ըստ այդմ` հատկապես հանրային ճանաչում ունեցող մարդիկ պետք է ուշադիր լինեն իրենց խոսքի, յուրաքանչյուր բառի, նույնիսկ փոխաբերական արտահայտության հանդեպ, հետևաբար պաշտոնյան, ըստ Թաթոյանի, իրավունք չունի վիրավորանք կամ նման արտահայտություն տարածել` նպաստելով ատելությանը, որովհետև այդ դեպքում հասարակության բևեռվածությունն ավելի է խորանում։