Սյունիքում այլընտրանքային ճանապարհներ կկառուցվեն. Պապիկյանը մանրամասներ է ներկայացրել

«Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է, թե ինչ պետք է արվի Սյունիքի մարզում` Ադրբեջանին անցած ճանապարհների մասով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Սյունիքի մարզի ճանապարհների այն հատվածները, որոնք դուրս են մնում Հայաստանի տարածքից պետք է փոխարինվեն այլընտրանքային ուղիներով։ Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Փոխգնդապետի սխալ հրամանի հետևանքով 18 զինվոր է զոհվել. նա կալանավորված է

«Ժամանակին ռելիեֆով պայմանավորված՝ օգտագործվել են ավելի հարմար հատվածները, և ճանապարհն այդ սկզբունքով է կառուցվել: Նաև խորհրդային տարիներին երկու հանրապետությունների տարածքներով անցնելու խնդիր չի եղել: Միգուցե դրանով պայմանավորված են այդպես կառուցել կամ գուցե եղել է Խորհրդային Միության քաղաքականությունը: Ասեմ, որ Սյունիքի մարզպետի միջնորդությամբ, առաջարկությամբ, անցկացրել ենք քննարկումներ և որոշում ենք ընդունել վերակառուցել Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը»,– ասել է Պապիկյանը։

Նախարարը հայտնել է, որ այդ ճանապարհի` Տաթև- Աղվանի 12.5 կմ հատվածը 2020թ–ի ընթացքում արդեն վերակառուցվել է` զբոսաշրջային երթուղիների զարգացման ծրագրով։ Մնացած շուրջ 21 կմ հատվածի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2021 թվականին:

Բարի գալուստ Ադրբեջան. ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին ցուցանակ են տեղադրել

«Հաշվի առնելով ներկա իրողությունները՝ մենք նախագծային աշխատանքներ կատարելիս որոշակի փոփոխություններ ենք կատարում նաև չափորոշիչների մեջ, որպեսզի ճանապարհի կարգը, լայնքը վերանայվի: Այնպիսի ճանապարհ լինի, որ անհրաժեշտության դեպքում կարողանան անցնել բեռնատար ավտոմեքենաները»,– ասել է նա։

Պապիկյանը հայտնել է, որ ընդհանուր առմամբ Գորիս-Կապան ճանապարհի 5 հատված կա, որտեղ ճանապարհը մնում է Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում։ Այս հատվածների համար ևս, նրա խոսքով, հանձնարարվել է այլընտրանքային հատվածներ գտնել։

Գորիս համայնքի 12 շենք-շինությունն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ են. փոխքաղաքապետ

«Սա մի քիչ բարդ է, որովհետև ունենք դժվարանցանելի հատվածներ: Չեմ բացառում, որ անհրաժեշտություն ունենանք թունելային լուծումների: Խնդիր կա նաև Կապան-Ագարակ ճանապարհահատվածում: Այս ուղղությամբ կա այլընտրանքային ճանապարհ, որը գրունտային է: Հիմա իմ կողմից կա հանձնարարական նախագծման աշխատանքներ սկսել ու ճանապարհը վերակառուցել: Չնայած անցանելիությունն ապահովվում է, գյուղ հասնելու խնդիր չկա, բայց մենք ամեն ինչ կանենք, որ 2021-ին հնարավոր լինի անցնել ասֆալտապատ ճանապարհով»,– ասել է նախարարը։

Իսկ ահա Կապան-Ճակատեն հատվածը, Պապիկյանի խոսքով, այս պահին վերահսկվում է ռուս սահմանապահների կողմից, և այս փուլում այնտեղ անցանելիության խնդիր չկա: