Սայաթ Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ՔԿ–ի` ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ ՔԿ–ն դեկտեմբերի 23–ին հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Շիրինյանը Facebook սոցցանցում առերևույթ բռնության կոչեր պարունակող գրառում է արել` ուղղված օգտատեր Սուսաննա Ավշարյանին։ «Սուսաննա Ավշարյան, եթե ես լինեի շարժումն առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի»,– գրել էր Շիրինյանը։

Գրառում կատարելու դեպքի առթիվ դեկտեմբերի 22-ին հարուցվել էր քրեական գործ, և Շիրինյանը ձերբակալվել էր։ 

Դեկտեմբերի 25-ին դատարանը նրա ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչել։