ՊԲ–ն արձագանքել է ադրբեջանցիների հրապարակած սկանդալային տեսագրությանը

Պաշտպանության բանակը չի բացառում, որ գործ ունենք ավելի վաղ ադրբեջանական գերության մեջ հայտնված քաղաքացիների դաժան սպանության հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik.Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ևս մեկ անգամ վերահաստատում է ավելի վաղ արված իր հայտարարությունն այն մասին, որ ո՛չ դեկտեմբերի 27-ին, ո՛չ նախորդող և ո՛չ էլ հաջորդող օրերին ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող ընդգրկված չեն եղել որևէ մարտական գործողության մեջ և նույնիսկ մեկ կրակոց չեն արձակել: Շփման գծի ամբողջ երկարությամբ հրադադարի ռեժիմը պահպանվել և պահպանվում է:

Նշենք, որ դեկտեմբերի 29-ին համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվել են կադրեր, որտեղ, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկերված են Արցախի օկուպացված Հադրութի շրջանի Հակակու գյուղի մերձակայքում սպանված 6 հայ զինծառայողների մարմիններ:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը, ներկայացված «մարտերի» պարագայում, խոսում է իրենց իսկ կողմից վերահսկվող տարածքների խորքում, առաջնագծից բավական հեռու գտնվող գյուղի մասին, որտեղ հայտնվելու համար ՊԲ զինծառայողները պետք է հատեին առաջնագիծը և ռազմերթ կատարեին թշնամու թիկունքում, ինչը, հաշվի առնելով հենց իրենց՝ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների առկայությունը, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ առաքելության գործոնը, ուղղակի հնարավոր չէ»,– նշված է ՊԲ–ի հաղորդագրության մեջ:

Պակաս կարևոր չէ նաև «զուգադիպությունը», որ նախօրեին Ադրբեջանը խախտել է վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և չի թույլատրել որոնողական խմբերի մուտքը տարածքներ, որտեղ, իրենց պնդմամբ, ընթացել են այդ «մարտերը»։

«Եվ սա այն դեպքում, երբ որոնողական խմբերի՝ այդ տարածքներում աշխատանքների շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեկտեմբերի 27-ին, այսինքն` ադրբեջանական կողմի պնդմամբ հենց այն օրը, երբ «մարտեր էին ընթացել»։ Նշված փաստերի համադրությունը ենթադրելի է դարձնում, որ ադրբեջանական կողմի գործողություններն ու հայտարարությունները նպատակ ունեն կոծկել հերթական պատերազմական հանցագործությունը, և հենց այդ նպատակին է միտված եղել որոնողական խմբերին հիշյալ տարածքներ մուտք գործելու թույլտվությունից հրաժարվելը»,– շեշտում է ՊԲ–ն:

Փոխգնդապետի սխալ հրամանի հետևանքով 18 զինվոր է զոհվել. նա կալանավորված է

Այժմ ակտիվ աշխատանքներ են ընթանում՝ պարզելու տարածված կադրերում պատկերված անձանց ինքնությունը։ Պաշտպանության բանակը չի բացառում, որ գործ ունենք ավելի վաղ ադրբեջանական գերության մեջ հայտնված քաղաքացիների դաժան սպանության հետ։

ՊԲ–ն խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի այս գործելաոճը, ինչը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությանը: Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունները բացահայտելու հարցում։