ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այսօր նա հանդիպումներ է ունեցել երկու քաղաքական ուժերի ղեկավարների հետ։
«Վարչապետն այսօր առանձին հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամներ Սուրեն Սահակյանի ու Գոռ Հակոբյանի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։
2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում. հանդիպումների առանցքում հենց այս հարցի քննարկումն է եղել։ Վարչապետ Փաշինյանը լսել է կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները հարցի վերաբերյալ։
Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել Facebook-ի իր պաշտոնական էջում՝ նշելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։ Նա հրավիրել էր խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։
Նա ընդգծել էր, որ պատրաստ է վարչապետի պաշտոնը թողնել ժողովրդի որոշման արդյունքում։