Ես վատ եմ զգում ինձ, երբ նման նախարարն իմ վճարած հարկից պարգևատրումներ է ստանում. Արամյան

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, պետական ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ Վարդան Արամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ տնտեսական ներկա պայմաններում պետական համակարգում բաշխվող պարգևավճարներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Թե տարվա ընթացքում պետական ու մարմիններում որքան պարգևավճար ու հավելավճար է բաշխվել, հայտնի կդառնա միայն 2020թ–ի բյուջեի հաշվետվության հրապարակումից հետո։

Պարգևավճարի փոխարեն` բարձր աշխատավարձ. Երևանի ավագանու անդամները նոր առաջարկ ունեն

Մինչ այդ, սակայն, ըստ շրջանառող լուրերի, անգամ 8-8.5 տոկոս տնտեսական անկման պայմաններում դրանք շարունակում են բավական բարձր մնալ։

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, պետական ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ Վարդան Արամյանի դիտարկմամբ, 2020թ–ի պարգևավճարները շատ ավելի բարձր են, քան 2019թ–ին ու դրանք բաժանվում են համատարած, առանց մասնագիտական կարողությունների տարբերակման։

Ըստ Արամյանի՝ դա վկայում է այն մասին, որ կառավարությունն այս վճարումների միջոցով փորձում է մեղմել ցածր աշխատավարձ ստացող պետական ծառայողների մի մեծ հատվածի դժգոհությունը։

«Ինչի՞ց է գալիս հարկատուներիս դժգոհությունը։ Որովհետև մենք հարկ վճարում ենք, որպեսզի տեսնենք, թե այն ինչպես է ծախսվում։ Ես պատրաստ եմ, որ իմ վճարած հարկը գնա պարգևավճարներին, եթե տեսնում եմ, որ այնտեղ արդյունք կա»,– ասաց Արամյանը։

Մարդիկ սկսել են քիչ ծախսել. ինչպես են համավարակն ու պատերազմն ազդել տնտեսության վրա

Նախկին նախարարի համոզմամբ, հանրային դժգոհության հիմնական պատճառը հարկատուների վճարումներից գոյացած պետական միջոցները ոչ թափանցիկ ու համահավասարության սկզբունքով բաշխումն է` առանց մասնագիտական կարողությունների ու աշխատանքի արդյունքների գնահատման։

«Ես ինքս աշխատել եմ հանրային հատվածում, շատ լավ գնահատում են այնտեղ աշխատող մարդկանց նվիրվածությունը, որովհետև իրականում բոլոր այն կարող ուժերը, որոնք կարող են մասնավոր հատվածում բարձր աշխատավարձ ստանալ, բայց իրենց գիտելիքը ներդնում են հանուն պետության, իրականում նվիրյալներ են։ Ես անուններ չեմ ուզում տալ, բայց այսօր ֆինանսների նախարարությունում, ՊԵԿ–ում բավական որակյալ մասնագետներ կան, որոնց մասնավորը մի քանի անգամ ավելի բարձր աշխատավարձով կարող է «գողանալ»։ Այդ ռիսկերը չեզոքացնելու համար որոշակի նպաստավոր պայմաններ են պետք, այդ թվում` պարգևատրումներ»,– ասաց Արամյանը։

Հարկատուն տեսնում է, որ պետությունը մեծ պարգևավճարներ է վճարում նախարարին, ով իր ոլորտը չի պատկերացնում ու անգամ լրագրողների հարցերին չի կարողանում պատասխանել։

Դրամի փոխարժեքն ընկնում է, բայց անհանգստանալ պետք չէ․ Արամյանը բացատրում է` ինչու

«Ես բավական բարձր հարկ են վճարում իմ աշխատավարձից ու շատ վատ եմ զգում ինձ, երբ նմանատիպ նախարարն իմ վճարած հարկից պարգևատրումներ է ստանում»,– ասում է նախկին նախարարը` չցանկանալով նշել իր հիշատակած նախարարի անունը։

Վարդան Արամյանի դիտարկմամբ, ՀՀ գործող կառավարությունն արդեն շուրջ 3 տարի իշխանության ղեկին է, բայց պարգևավճարների թեման շարունակում է մնալ հանրությանը հուզող խնդիրներից մեկը։

«Կառավարությունը եկավ դրոշակ դարձրած, որ հանրային հատվածում աշխատողների թվաքանակը էական շատ է, մեքենաները էական շատ են, որ պետք է կրճատվեն ու այդ գումարներն ուղղվեն պետական աշխատավարձերի բարձրացմանը։ Հոյակապ դոկտրին է»,– ասաց Արամյանը` հավելելով, որ խոստացած ռեֆորմի փոխարեն կառավարությունն արեց ճիշտ հակառակը` ավելացրեց նշված ծախսերը։

Ավագանին հաստատեց Երևանի 2021-ի բյուջեն. ինչքան ծախս, եկամուտ և պարգևավճար է նախատեսվում

Պետական ծառայողների թվաքանակն, ըստ Արամյանը ավելացել է ավելի քան 1400–ով, ծառայողական ավտոմեքենաների թիվը`21-ով։