Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը մի շարք հարցեր են քննարկել

Հայ և ռուս գործընկերներն ընդգծել են, որ գալիք տարում դաշնակցային փոխգործակցությունը պետք է ավելի ամրապնդվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար նախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Ի շարունակություն օրերս կայացած զրույցի՝  նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության հարցերի շուրջ, քննարկել են ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման և Արցախում իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցի առանցքում հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցեր են եղել։

Հայ և ռուս պաշտոնակից գործընկերները գոհունակությամբ ընդգծվել են երկկողմ դաշնակցային փոխգործակցության բարձր դինամիկան։ Կարևորվել է, որ գալիք տարում այն ավելի պետք է զարգացվի։