ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը հայերեն մաղթանքներ է հղել Facebook-ում։
«Թանկագին հայ ընկերներ, հայաստանաբնակ թանկագին հայրենակիցներ, Հայաստանի համար այսքան փորձություններով լի 2020 թվականի ավարտին մտքով առաջին հերթին այն ընտանիքների հետ եմ, որոնց օջախներում սեղանի շուրջ աթոռներից մեկը դատարկ կմնա: Այժմ տոնակատարության ժամանակը չէ, բայց առավել քան երբևէ կցանկանայի կիսվել այն հույսով, որն այս երկիրը շարունակում է ինձ ներշնչել»,– գրել է նա:
Այնուհետև դեսպանը շարադրել է իր մաղթանքները։
«Մաղթում եմ Հայաստանին ապրել խաղաղաղ և անվտանգ` առանց վախենալու տեսնել կրկին առաջնագիծ մեկնող իր երիտասարդներին:Իր պատմությունը հազարամյակներով չափող Հայաստանին մաղթում եմ վստահություն ունենալ իր ապագայի հանդեպ: Մաղթում եմ Հայաստանին երբևէ չկասկածել իր գեղեցկության, իր ուժի և տաղանդի մեջ: Մաղթում եմ հայերին զերծ մնալ տարաձայնություններից և վայրագ հողմերից: Մաղթում եմ հայերին միասին նույն ուղղությամբ նայել: Մաղթում եմ հայերին հպարտ լինել այս երկիրն իրենց զավակներին ավանդելու համար: Մաղթում եմ Ֆրանսիային լինել Հայաստանի կողքին: Մաղթում եմ Ֆրանսիային հիշել, թե ինչ են իրեն տվել հայերը: Մաղթում եմ Ֆրանսիացիներին գալ Հայաստան կամ երբեմն այստեղ իրենց հայացքը սևեռել։ Մաղթում եմ ֆրանսիացիներին միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանն է դեռևս սիրում մեզ»,– նշել է Լաքոտը:
Գրառման վերջում դեսպանը յուրաքանչյուրին մաղթել է, որ 2021 թվականը լինի խաղաղության, երջանկության և բարգավաճման տարի։