Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է Գյումրու 102-րդ ռազմակայանի նշանակությունը

ՀՀ պաշտպանության նախարարը խոսել է նաև հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային կապերի խորացման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմակայանի դերն ու նշանակությունը կարևորում է տարածաշրջանում անվտանգության ապահովման համատեքստում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նա այդ մասին ասել է այսօր ՌԴ 102-րդ ռազմակայան կատարած այցի ընթացքում։

«Հարությունյանը խոսել է նաև հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային կապերի խորացման մասին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարը շնորհավորել է ռազմակայանի հրամանատարությանը և անձնակազմին ստորաբաժանման կազմավորման օրվա կապակցությամբ, խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած ռուս զինծառայողներին։ Եղել է նաև ռազմակայանի տարածքում գտնվող Սուրբ Ալեքսանդրայի ուղղափառ եկեղեցում, ռազմական պատմության թանգարանում, գրառում է արել թանգարանի հյուրերի մատյանում։

Հիշեցնենք` ռուսական ռազմակայանը Հայաստանում տեղակայված է 1995 թվականի միջպետական պայմանագրի համաձայն։ 2010 թվականի օգոստոսի 20-ին Ռուսաստանը և Հայաստանը երկարացրել են ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2044 թվականը: