Տղերք ջան, ում մոտ զենք կա, եկեք, հողը պահեք. շուռնուխցիները փակել են ճանապարհը. տեսանյութ

Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը պահանջում է, որ այն պաշտոնյան, որին 10 օր առաջ տեղյակ են պահել, թե գյուղի կեսը պետք է հանձնվի Ադրբեջանին, գա գյուղացիների մոտ և բացատրի` ինչու է լռել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի- Sputnik. Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչներն ավտոմեքենաներով փակել են ճանապարհը։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը Facebook-ի ուղիղ եթերում ցույց է տվել փակած ճանապարհը և կոչ արել մարդկանց միանալ։

Ադրբեջանցիները պահանջել են մեկ օրում ազատել Շուռնուխ գյուղի կեսը. Գորիսի փոխքաղաքապետ

«Թուրքի ներկայացուցիչը հայտարարություն է արել, որ 12 տների բնակիչներ պետք է լքեն իրենց տները։ Տղերք ջան, ում մոտ զենք կա, եկեք, հողը պահենք։ Իրանք իրանց GPS-ով «ռուլիտ» անում։ Իսկ քարտեզը մերն է, ոնց էլ նայես», – ասում է Արշակյանը։

Գյուղապետը պահանջում է, որ այն պաշտոնյան, որին 10 օր առաջ տեղյակ են պահել, թե գյուղի կեսը պետք է հանձնվի Ադրբեջանին, գա գյուղացիների մոտ և բացատրի` ինչու է լռել։

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ասել էր, որ ադրբեջանցիների խոսքով` ՀՀ իշխանությունները արդեն տասը օր պետք է տեղյակ պահեին շուռնուխցիներին, որ գյուղի կեսը հանձնվում է։ Սակայն ո՛չ գյուղի բնակիչները, ո՛չ համայնքային իշխանությունները տեղյակ չեն եղել։