ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այլևս ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը չէ։ Ազգային ժողովի պատգամավորներն այսօր ընթացող նիստի ժամանակ իրենց քվեարկությամբ հեռացրին նրան այդ պաշտոնից։
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած 84 պատգամավորներից 78–ը կողմ են քվեարկել, 4-ը` դեմ։ 2 քվեաթերթիկ համարվել է անվավեր։
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցությունն էր որոշման նախագիծ ներկայացրել ԱԺ, որով առաջարկել էր դադարեցնել Զոհրաբյանի լիազորությունները ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
ԲՀԿ–ն հայտնել էր, որ պատրաստվում է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ Նաիրա Զոհրաբյանին պաշտոնից հանելու նախաձեռնության սահմանադրականությունը վիճարկելու նպատակով:
Հիշեցնենք` «Իմ քայլի» առաջարկը հիմնավորվում է Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումներով, որոնց հեղինակն, ըստ իշխող ուժի, չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է։
Նախագիծը ներառված է այսօր՝ դեկտեմբերի 28-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում։