«Իր երեսին ասել եմ». ի՞նչ են քննարկել Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը երկար չտևեց։ Ծառուկյանը լրագրողներին հայտնեց, թե ինչ թեմաներ է քննարկել նրա հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, որ հանդիպման ժամանակ ասել է` այսօր այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշտ է վարչապետի հրաժարականը։ 

«Փաշինյանի հետ հանդիպումը երկար չէր կարող տևել, քանի որ իմ դիրքորոշումը չի փոխվել։ Ցանկացել է հանդիպել, չեմ մերժել։ Ինչ հրապարակային եմ ասել, իր երեսին եմ ասել։ Միակ ելքը ստեղծված իրավիճակում վայրկյան շուտ իր հրաժարականն է»,–ասաց Ծառուկյանը։

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին` Ծառուկյանը նշեց, որ այդ մասին էլ ասել է` դա կարող է լինել, եթե Փաշինյանը չլինի ժամանակավոր պաշտոնակատար։ Երբ դա ընդունելի լինի Փաշինյանի համար, այդ ժամանակ կխոսեն նորից։ Այլ հարցերի Ծառուկյանը հրաժարվեց պատասխանել` ասելով, որ դրանք պետք է ուղղել հենց Փաշինյանին։

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր` Ծառուկյան–Փաշինյան հանդիպումը տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի առաջարկած՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը քննարկելու շրջանակում։ Նման հանդիպում է կայանալու նաև ԼՀԿ–ի և ՀԱԿ–ի հետ։

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ այսօր լրագրողներին ասել էր, որ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է` հանդիպում ունենա ԱԺ 3 խմբակցությունների ղեկավարների հետ։