ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրառում է արել` անդրադառնալով շրջանառության մեջ դրված այն մտքին, թե ճկուն քաղաքականության պարագայում կարող էինք խուսափել պատերազմից։
«Այս թեզը շրջանառողները պետք է առնվազն պատասխանեն մի հարցի․իրենց վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել 2016 թվականի պատերազմից, որին նախորդել էր 2015, 2014 թվականների աննախադեպ էսկալացիան»,–հարցրել է Փաշինյանը։
Նրա խոսքով` երկար տարիներ Հայաստանի վարած «ճկուն» քաղաքականությունը բերեց նրան, որ 2016 թվականին շրջանառության մեջ դրվեցին ռուսական առաջարկները, որոնք ենթադրում էին 7 տարածքների (5+2) վերադարձ առանց ԼՂ կարգավիճակի որևէ ճշգրտման։
«Ինչու՞ Ռուսաստանը հանդես եկավ նման առաջարկով։ Մի պարզ պատճառով՝ Հայաստանի վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում մադրիդյան պրոցեսը մտել էր փակուղի, որովհետեւ Արցախը Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ կարող էր ստանալ միայն Ադրբեջանի համաձայնությամբ։
Ռուսաստանի և բոլորի համար ակնհայտ էր, որ Ադրբեջանը նման տարբերակի երբեք չի համաձայնվի (ունի չհամաձայնվելու համար անհրաժեշտ կարողություն) և ուրեմն, պետք էր պրոցեսը փակուղուց դուրս բերելու ուղիներ գտնել։ Եվ, ի դեպ, եթե ոմանց պնդումը ճիշտ է, թե 2018-ից հետո Հայաստանի վարած քաղաքականությունը բավարար չափով ռուսամետ չէր, ու սա էր պատերազմի պատճառը, ինչո՞ւ 2016-ի «բավարար չափով ռուսամետ» քաղաքականության պայմաններում ծնվեցին ռուսական առաջարկները և տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը»,–գրել է Փաշինյանը։
Շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է տեղի ունեցել մեր պարտությունը. Նիկոլ Փաշինյան
Նրա խոսքով` պատերազմից խուսափելու միայն մի տարբերակ կար՝ վերադարձնել տարածքները` մոռանալով Արցախի կարգավիճակի մասին։ «Հիմա, իհարկե, ետին թվով այս տարբերակի կողմնակիցները, հասկանալիորեն, շատացել են։ Բայց նրանք հաշվի չեն առնում, որ այս պարագայում նույնպես Գորիսի հարևանությամբ գտնվող Էյվազլիի հատվածում հայտնվելու էր ադրբեջանական ցուցանակ։ Նաև՝ ժամանակին մեզ մեղադրում էին «հողերը ծախելու» մեջ։ Հիմա էլ՝ կասկածելի հայտարարություններով վտանգի տակ են դնում մեր գերիների կյանքը»,–նշել է նա։
Փաշինյանի կարծիքով` «ճկուն» քաղաքականության ջատագովների մեծագույն բացթողումն այն է, որ նրանք երկար տարիներ պատերազմից խուսափելու և ոչ թե պատերազմին պատրաստվելու քաղաքականություն են վարել։ Նրա խոսքով` իրենց մեծագույն բացթողումն այն է, որ երկուսուկես տարվա ընթացքում չենք հասցրել բավարար չափով թալանված գումարներ ետ բերել և պատշաճ պատրաստվել պատերազմին։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։