«Հետո թոռս չասի` երկու մանեթի դիմաց հողը վաճառեցիր». Շուռնուխի 12 տների հարցը պարզ չէ

Գյուղի բնակիչներին ադրբեջանցիները 1 օր ժամանակ էին տվել` գյուղի կեսը ազատելու համար։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այդ մեկօրյա ժամկետը Մոսկվայի միջամտությամբ վերացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի-Sputnik. Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչները մի քանի ժամ ավտոճանապարհը փակելուց հետո այն բացել են։ Հիշեցնենք, որ գյուղի բնակիչներին ադրբեջանցիները 1 օր ժամանակ էին տվել` գյուղի կեսը, այսինքն` 12 տները ազատելու համար։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այդ մեկօրյա ժամկետը Մոսկվայի միջամտությամբ վերացել է։

Սյունիքում ունենք անվտանգային հիմնահարց. հայ–ռուսական հարաբերություններն ու Փաշինյանը

«Տոների հետ կապված մինչև հունվարի 2-3-ը մարդիկ կմնան իրենց տներում։ Հետո ինչ կլինի` պարզ չի։ Եթե որոշվի, որ հողը պետք ա տան, մեկ–երկու ժամվա հարց չի լինելու։ ԱԱԾ–ն խոստացել ա, որ իրավիճակը կվերահսկվի, որ հայ սահմանապահ զորքը մինչև վերջին վայրկյանը կկանգնի գյուղացու կողքին, կլինի կազմակերպված էվակուացիա», – ասել է Արշակյանը։

Մարզպետարանը խոստացել է տրանսպորտ տրամադրել գյուղացիներին, ինչպես նաև տների համար դրամական փոխհատուցումներ տալ։

«Էսօր եկան մարզպետարանից, մեր տները նկարեցին։ Ասեցին` գումար կտրամադրեն կամ էլ գուցե տներ սարքվեն հենց գյուղի մյուս հատվածում, գուցե մարդը ուզենա իր գյուղում մնա։ Բարեգործներ են շատ խոստացել օգնել», – ասում է գյուղապետը։

Ի դեպ, նաև իր տունն է մտնում հանձնվող 12 տների մեջ։ Նա վերաբնակվել է այդ տանը 1992 թվականին, լիովին վերակառուցել այն, այգիներ ու բոստաններ ստեղծել։

«Գիտես որն ա ամենացավալին, աղջիկ ջան… Քանի միլիոն կտան, խնդիրը դա չի։ Հետո իմ թոռը ինձ չասի՝ պապի, էդ հողը վաճառեցիր երկու մանեթի դիմաց...», – ասում է նա։

Տղերք ջան, ում մոտ զենք կա, եկեք, հողը պահեք. շուռնուխցիները փակել են ճանապարհը. տեսանյութ

Նա վերահաստատեց, որ գյուղացիները, իր մարտական ընկերները, մարզից այլ քաղաքացիներ պատրաստ են զենքով պաշտպանել իրենց անվտանգությունը։

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ասել էր, որ ադրբեջանցիների խոսքով` ՀՀ իշխանությունները դեռ տասը օր առաջ պետք է տեղյակ պահեին շուռնուխցիներին, որ գյուղի կեսը հանձնվում է։ Սակայն ոչ գյուղի բնակիչները, ոչ համայնքային իշխանությունները տեղյակ չեն եղել այդ մասին։