ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հայերը դուրս են եկել Գորիս համայնքի այգեգործական ընկերություններից մեկի տարածքում գտնվող 12 շենք-շինություններից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը` նշելով, որ այն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Բնակիչները տարածքները երեկ են ազատել: Այս պահին փորձում ենք հասկանալ՝ իրավական առումով այս պրոցեսը որքանո՞վ կարող է մեր օգտին լինել։ 12 շինությունից 3-ը տներ են, որոնց բնակիչները հասցրել են իրենց ունեցվածքի որոշ մասը հանել։ Ադրբեջանցիներն արդեն այդ տարածքում են։ Տեղեկություն, որ հիմա էլ այլ ցուցանակ են պատրաստվում տեղադրել»,- ասաց նա։
Փոխքաղաքապետի խոսքով` այդ 12 շենք-շինության սահմանը հսկում են հայ սահմանապահները։
Հիշեցնենք` Յոլյանը երեկ Facebook–ի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում երևում էր Գորիս-Կապան միջպետական ճանապարհին հայտնված ադրբեջանական ցուցանակը։ «Թուրքերը լցված են Գորիս-Կապան միջպետական ճանապարհին. ցուցանակ են տեղադրում։ Տեսնու՞մ եք գրառումը` Բարի գալուստ Ադրբեջան։ Դե ասեք՝ սա Սյունիքը չէ, ասեք, որ սահմանները ամուր են, ասեք, որ ճիշտը սա էր, որ Զանգեզուրում թուրքը պիտի գրի` բարի գալուստ դժոխք։ Հպարտացեք անթասիբներ»,–գրել էր նա։
Ավելի ուշ տեսանյութ տարածվեց, որում հայերը ներկ էին լցնում ցուցանակի վրա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հնարավոր է` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների հետևանքով Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի տներից 12-ն ադրբեջանական տարածքում հայտնվեն։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի խոսքով՝ տները կադաստրային քարտեզով գյուղի տարածքում են, բայց ադրբեջանական GPS-ը ցույց է տալիս, որ ճանապարհից ներքև ընկած հատվածն Ադրբեջանական ԽՍՀ–ի տարածքում է եղել։ Վիճարկելի տարածքում է հայտնվել նաև Որոտան գյուղը։
Պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վիճարկելի որոշ տեղերում կտեղակայվեն ռուս սահմանապահ ուժեր։
Մասնավորապես, դրանք կտեղակայվեն Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում և Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածում։ Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ:
Հիշեցնենք` ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում ՀՀ սահմաններին` Սյունիքում ու Արցախում, կատարվում է բացառապես եռակողմ հայտարարության շրջանակում։
Նշենք, որ մասնագետների խոսքով` միջազգայնորեն ընդունված նորմերի համաձայն` պետական սահմանների դեմարկացիա իրականացնելուց առաջ նախ պետք է իրականացնել դելիմիտացիա, որը պարտադիր ենթադրում է նախապատրաստական լուրջ աշխատանք` երկու երկրների ու միջազգային արբիտրի մասնակցությամբ ու նաև 2 պետությունների միջև պայմանագրի կնքում։
Դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն ինչ իրականացվում է Սյունիքի սահմաններին, չի կարելի համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Նրա խոսքով` տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը։