ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Ամանորին նախաշեմին Խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոնի զինծառայողները հումանիտար ակցիա են անցկացրել Ստեփանակերտի № 2 ու №12 դպրոցներում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հումանիտար ակցիայի ընթացքում աշակերտներին դպրոցական ուսապարկեր, գրենական պիտույքներ ու քաղցրավենիքներ են նվիրել։
«Յուրաքանչյուր ուսապարկի մեջ գունավոր մատիտներ են, նկարչության ալբոմներ, տետրեր, ֆլոմաստերներ, նոթատետրեր ու օրագրեր։ Ռուս խաղաղապահները նաև բարեմաղթանքներով շնորհավորական բացիկներ են փոխանցել աշակերտներին, որոնք Լեռնային Ղարաբաղի երեխաների համար գրել են Ռուսաստանի «Յունարմիայի» երեխաները», - նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուս խաղաղապահներն արդեն Արցախի մի քանի դպրոցներում նման ակցիաներ են իրականացրել։