Ադրբեջանը թույլ չի տվել, որ փրկարարական ջոկատը մտնի Ֆիզուլի

Անհետ կորածների որոնման աշխատանքներ իրականացնող զբաղվող ջոկատներից մեկն աշխատում է Քաշաթաղի շրջանում (Զանգելանի և Կուբաթլուի շրջակայքում)։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik.Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) փրկարարներին այսօր հաջողվել է որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել Հադրութում, որտեղ երեկ ադրբեջանական կողմը չէր թույլատրել մուտք գործել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Ֆիզուլու հատվածի ջոկատին հետ են ուղարկել Կարմիր Շուկա գյուղից։ Պատճառը հայտնի չէ։ Ադրբեջանցիներն ասել են, որ այսօր Ֆիզուլու հատվածում չեք կարող որոնումներ իրականացնել, իսկ մյուս բնակավայրերում կարող եք», - ասաց նա։

Եվս մեկ ջոկատ էլ մտել է Քաշաթաղի շրջան (Զանգելանի և Կուբաթլայի շրջաններ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Խնձորեսկ գյուղի մերձակայք։

Թադևոսյանի խոսքով` ադրբեջանական կողմն Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքում որոնողական աշխատանքների հայտեր արդեն չի ներկայացնում։

«Մարտերը հիմնականում ընթացել են նրանց մնացած տարածքներում։ Այն մարմինները, որոնք եղել են մեր կողմում, մասամբ մենք ենք վերցրել, մասամբ նրանք», - հավելեց նա։

Նոյեմբերի 13-ից ի վեր հայտնաբերվել է 1 111 մարդու աճյուն։